Ծառուկյանը պայթեցնում է նախօրոք

Խորհրդարանի ընտրության համամասնական ցուցակների ԿԸՀ ներկայացման վերջնաժամկետին մնացել է ընդամենը մեկ օր՝ ժամկետը լրանում է փետրվարի 16-ի երեկոյան, մինչդեռ նախընտրական այս շրջանի ինտրիգը դարձած դաշինքների մեծ մասի ցուցակների առումով դեռևս լռություն է: Ավելին՝ դաշինքների ամբողջական կազմերը նույնիսկ դեռևս որոշակիացած չեն, ինչպես, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կազմավորելիք «Ծառուկյան» դաշինքի պարագայում: Առայժմ միայն հայտնի են դառնում ուժերը, որոնք հրաժարվում են, կամ որոնցից Ծառուկյանն է հրաժարվում: Այսօր այդ մասին հայտարարություն է տարածել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը՝ հայտարարելով, որ Ծառուկյանը միակողմանի խախտում է պայմանավորվածությունները, ու իրենք դադարեցնում են նրա հետ բանակցությունը:

Դրանից որոշ ժամանակ անց հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, որն էլ հայտարարեց, թե Ծառուկյանն ինքն է դադարեցրել և մերժել հնչակյանների անդամակցումը իրենց դաշինքին, քանի որ ինչպես ռամկավարների դեպքում, նրանց պարագայում էլ կան տարբեր կառույցների միջև տարաձայնություններ, մասնավորապես՝ Հայաստանի և սփյուռքյան կառույցների միջև: Այսպիսով ռամկավարներից հետո հնչակյանները երկրորդն են, որ դեռևս չանդամակցած՝ լքում են Ծառուկյանի հովանոցը:

Բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնա, և այսօր տեղեկություն է հրապարակվել, որ Ծառուկյանի հովանոցի տակ կարող են տեղ գտնվել նրանք, ում համար տեղ չի գտնվել Սեյրան Օհանյանի հովանոցի ներքո կամ ում չի բավարարել այդ հովանոցի ներքո, այսինքն՝ այդ դաշինքում նրանց առաջարկվող տեղերը: Խոսքը Վիկտոր Դալլաքյանի և Արամ Գասպարի Սարգսյանի մասին է: Եթե Արամ Սարգսյանը որպես իր հեռանալու պատճառ բերեց դաշինքի կազմավորման գործընթացի անարդյունավետությունը, ապա Վիկտոր Դալլաքյանը, ինչպես հայտնի է, ընդհանրապես սրեց ինտրիգը՝ հայտարարելով, որ ամեն ինչ ստվերում կառավարում է Սամվել Բաբայանը: Եվ դրանից հետո ստեղծվեց իսկապես հետաքրքրական պատկեր՝ այն իմաստով, որ Բաբայանն արձագանքեց, թե լավ է անում, իսկ Օհանյանն ու Օսկանյանը ասացին, թե նա ոչ մի բան չի որոշում:

Բոլոր դեպքերում Ծառուկյանի բալանսը այս դեպքում կարող է և պահպանվել՝ երկուսը գնում են, երկուսը՝ գալիս: Ընդ որում, այստեղ կա մի նրբերանգ: Ծառուկյանն, իհարկե, ունի խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածության հեռանկար և ներուժ՝ ի տարբերություն «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքի: Իսկ դա նշանակում է, որ եթե, օրինակ, Օհանյանի դաշինքի, ասենք, տասներորդ հորիզոնականը, ամենայն հավանականությամբ, անցողիկ չէ, ապա «Ծառուկյան» դաշինքինն անցողիկ է:

Ըստ այդմ՝ եթե Դալլաքյանին և Արամ Սարգսյանին առաջարկվի նույն հորիզոնականը, ինչ առաջարկվել է առաջին դաշինքում, ապա նրանք Ծառուկյանի դրոշի ներքո այդ տեղով կարող են անցնել խորհրդարան: Եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանն ընդունի նրանց՝ հաշվի առնելով այն, որ Ծառուկյանի պարագայում խնդիրը գուցե բոլորովին այլ է, և ԲՀԿ նախագահը ըստ էության ընդհանրապես գուցե մտածում է պահել անվանումը որպես դաշինք, սակայն իրականում հնարավորինս նեղ դաշինքով գնալ ընտրության՝ խորհրդարանական ընտրություններից հետո հարվածի տակ չհայտնվելու համար, քանի որ դաշինքում կարող են սկսվել պայթել ականները և աշխատել Ծառուկյանի դեմ:

Ծառուկյանն էլ ըստ երևույթին փորձում է ականները պայթեցնել ժամանակից շուտ, քանի դեռ դաշինքը ձևավորված չէ, և պայթյունի հետևանքով չեն մնա դաշինքի ավերակներ:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...