Սերժ Սարգսյանի անցումային հիերարխիան և աքցանը

Այսօր հանգուցալուծվեց նախընտրական գործընթացի ըստ էության գլխավոր ինտրիգը՝ հրապարակվեց ՀՀԿ համամասնական ցուցակը, որը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Երկրորդը լինելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, չորրորդը՝ Արա Բաբլոյանը, հինգերորդը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, վեցերորդը՝ Արմեն Աշոտյանը, յոթերորդը՝ Էդուարդ Շարմազանովը, ութերորդը՝ Մարգարիտ Եսայանը, իններորդը՝ Սամվել Ֆարմանյանը, իսկ տասերորդը՝ Կարեն Ավագյանը: Ընդհանուր առմամբ ցուցակը ներառում է 64 անձ, սակայն առանցքային հետաքրքրություն իհարկե ներկայացնում է առաջին տասնյակը կամ առավել ևս առաջին եռյակը:

Այդպիսով՝ ցուցակում չեն ընդգրկվում Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը դուրս է մնում, որովհետև չունի Հայաստանում մշտական քառամյա բնակություն, իսկ Սերժ Սարգսյանը՝ որովհետև չի ցանկանում «մենակ թողնել» Կարեն Կարապետյանին: Ընդհանրապես, ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը, դրա առաջին եռյակ-տասնյակի դասավորությունն ու Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսպես ասած ավելի բարձր կարգավիճակում գտնվելը, այսինքն՝ նախընտրական «սևագործ աշխատանքից» դուրս, ըստ էության արտահայտում է ՀՀԿ-ում առկա  որոշակի նոր հիերարխիան, որը երևի թե կարելի է բնորոշել անցումային հիերարխիա:

Բուրգի գագաթին Սերժ Սարգսյանն է, ավելի ներքևում Կարեն Կարապետյանը, հետո Վիգեն Սարգսյանը, որը գլխավորում է ցուցակը, այնուհետև Տարոն Մարգարյանը, որը ամենայն հավանականությամբ այդպիսով ամրագրվում է Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուի կարգավիճակում՝ քաղաքապետի ընտրությունը լինելու է խորհրդարանական ընտրությունից երկու ամիս հետո: Արփինե Հովհաննիսյանի երրորդ հորիզոնականը ուշագրավ է որոշակիորեն:

Մի կողմից, իհարկե, կա ցուցակի մեջ կին թեկնածուի համամասնություն պահելու խնդիր, և այդ դեպքում բնականաբար Հովհաննիսյանը դառնում է նախընտրելի թեկնածու՝ երիտասարդ, տպավորիչ արտաքինով, կրթված և այլն: Մյուս կողմից, Արփինե Հովհաննիսյանը Հայաստանի իշխող համակարգում և ՀՀԿ-ում մասնավորապես, ընդհանուր առմամբ հանդիսանում է Հովիկ Աբրահամյանի «ժառանգությունը» և այս իմաստով նրա ներկայությունը առաջին դիրքերում ինչ որ իմաստով ներողամտություն ու մխիթարություն է Հովիկ Աբրահամյանի համար, իսկ գուցե նույնիսկ նրա հանդեպ «քնքուշ վրեժի» դրսևորում, երբ նա կտեսնի, թե ոնց է իր կադրը իր հեռանալուց հետո բարեհաջող կարիերա անում իրեն նեղացնողների հետ: Այսպես, թե այնպես, ՀՀԿ համամասնական ցուցակը ըստ էության առերևույթ լինելով նախորդ ցուցակներից զգալիորեն տարբեր, առնվազն առաջին շարքերի իմաստով, ընդհանուր առմամբ արտացոլում է և՛ ներիշխանական-ներքաղաքական և՛ մասնավորապես ներկուսակցական անցման փուլը:

Ակնհայտ է, որ ցուցակն այսպես ասած թիմ չէ և նույնիսկ հավաքական էլ չէ, այլ ավելի շուտ՝ հավաքածու: Կարճաժամկետ իմաստով այն լուծելու է ընդամենը սահուն և անաղմուկ վերարտադրության խնդիր, իսկ երկարաժամկետ իմաստով այն որևէ խնդիր չունի, քանի դեռ Սերժ Սարգսյանն իր համար չի հստակեցրել իր գլխավոր՝ 2018-ի խնդիրը: Հենց այդ տրամաբանությամբ է նաև, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ներկայանում է հավաքածուի տրամաբանությամբ, որը մի կողմից թվում է ամբողջություն, բայց մյուս կողմից հնարավոր է՝ ձևափոխել այս կամ այն կերպ, ըստ անհրաժեշտության, այսինքն՝ տվյալ պարագայում ըստ այն սցենարի, որը կհաջողի Սարգսյանը 2018-ի իր պատկերացումներում:

Այս տեսանկյունից ՀՀԿ-ում ներկայումս գործնականում մնացել է մեկ սուբյեկտ, որ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի պատկերացումներին կամ սցենարներին զուգահեռ սցենար կամ պատկերացում: Դա Կարեն Կարապետյանն է, եթե իհարկե ունի այդպիսի ցանկություն: Բայց մյուս կողմից, Կարեն Կարապետյանն ըստ էության վերցվում է նաև աքցանի մեջ՝ վերևից Սերժ Սարգսյանը, իսկ ներքևից՝ Վիգեն Սարգսյանը:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: