Րաֆֆու ամնեզիան. մեղադրանքներ Քոչարյանի, Օսկանյանի և Օհանյանի դեմ

Նախկին պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը շարունակում է զարմացնել հանրությանը, քաղաքական դաշտին ու անգամ նույն «Ժառանգության» անդամներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, տարիներ շարունակ, 2008թ. Մարտի 1-2-ի արյունոտ իրադարձությունների համար մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին՝ այդպիսով այդ դեպքերի մեջ անուղղակի կերպով մեղադրելով նաև նույն Վ.Օսկանյանին և Ս.Օհանյանին: Չէ որ Վ.Օսկանյանն այդ ժամանակ արտաքին գործերի նախարար էր և հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումներ ունենում ու բոլորին համոզում, թե իշխանությունը, նույն ինքը Ռոբերտ Քոչարյանը, ճիշտ է անում: Իսկ Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն էր: Եվ այն ժամանակ կարծիք կար, որ անզեն ցուցարարների դեմ նաև զորք է հանվել:

Բացի այդ, Ր.Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ ուղակի մեղադրել է այս երկու գործիչներին: Ընդ որում, մեղադրել է ոչ միայն Մարտի 1-2-ի իրադարձությունների, այլև նրանց թե՛ ավելի վաղ, թե՛ հետագա գործունեության համար: Խոսքը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի դետալներին: Եվ այսօր մամուլի արխիվը հեղեղված է այս գործիչների՝ միմյանց դեմ ուղղված սուր քննադատություններով ու մեղադրանքներով: Ահա դրանցից մի քանիսը․ «Վարդան Օսկանյանը դեռ քաղաքական եւ բարոյական գնահատական պետք է տա դիվանագիտական օրակարգ Մեղրիի տարբերակը բերելու, Մադրիդյան սկզբունքներն ընդունելու, Մարտի 1-ի կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելու եւ դրանից բազմաթիվ անգամներ առաջ իր համաքաղաքացիների նկատմամբ անտարբերության կամ նրանց նկատմամբ հալածանքների հանդեպ անտաբերության հարցում: Ժողովրդավարության, ազգային շահի, մարդու իրավունքների առումով իմ հարգարժան հետնորդը պետք է պատասխան տա»,- ավելի քան չորս տարի առաջ «Սլաք» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ր.Հովհաննիսյանը:

Իսկ նույն տարում արդեն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ ոչիշխանական որոշ ուժեր միասնական շտաբ ստեղծեցին, «Ժառանգությունը» այն լքեց ու բոյկոտեց հենց Օսկանյանի մասնակցության պատճառով: Այն ժամանակ «Ժառանգությունը» հայտարարեց, որ ի դեմս Օսկանյանի՝ շտաբում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին: Իսկ նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, թե «Վ.Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ամենալավ, վստահելի կադրերից մեկն է եղել, եթե Քոչարյանը ռուսական կամ եվրասիական դաշտում է գտնվում՝ ինչպես կարող է Օսկանյանը արեւմտյան դաշտում գտնվել»: Այդ կուսակցությունը մերժեց նաև 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր դաշտի միասնական ճակատ ձեւավորելու առաջարկը, և որպես հիմնական պատճառ Ա.Մարտիրոսյանը ներկայացրեց, թե իրենք դեմ էին միասնական ցուցակի՝ Օսկանյանի գլխավորելուն: Իսկ այսօր արդեն նույն Ա.Մարտիրոսյանը խնդիր չի համարում այն հանգամանքը, որ Ռ.Քոչարյանը կարող է ստվերային կերպով հովանավորի իրենց դաշինքը:

2012-ի հոկտեմբերին, երբ Վ.Օսկանյանի դեմ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, Ր.Հովհաննիսյանը խոսելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի առջեւ կանգնած նախկին արտգործնախարարի մասին՝ հայտարարել էր, թե թեև դեմ է, որ նրան զրկեն անձեռնմխելիությունից, բայց նա դեռ պատասխան պիտի տա արտաքին հարաբերությունների շատ հարցերում սխալների համար։ «Իմ համեստ կարծիքն այն է, որ Օսկանյանը սխալ է արել և թող հատուցի, բայց մինչև հասնելը Օսկանյանի հարցին, թող մյուսները պատասխանեն և ընտրություններից առաջ նրան քավության նոխազ չդարձնեն»,- ասել էր «Ժառանգության» նախագահը:

Իսկ 2013թ. նախագահական ընտրություններին Ր.Հովհաննիսյանը նաև խնդրում էր պաշտպանության նախարարությանը՝ զորք ու զինվորներ չբերել ժողովրդի դեմ: Իսկ հետո՝ապրիլի 9-ին նրա շտաբը տարածեց հայտարարություն, թե Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ՊՆ-ն զորք է բերել՝ թույլ չտալով Ր.Հովհաննիսյանին իշխանափոխություն անել: Այդ ժամանակ ՊՆ նախարարը եւ նույն զորք բերողը Ս.Օհանյանն էր, որին այսօր իշխանափոխության գնացող իրենց դաշինքի առաջնորդի դերում է տեսնում Ր.Հովհաննիսյանը:

«Այսօր մեծ ցավով զեկուցում եմ ձեզ, որ այն մարդը, ով իմ պատկերացմամբ կարող է դառնալ ՀՀ նախագահը, ակտիվորեն մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով Հայաստանի հպարտություն հանդիսացող զինվորներին բաց, ուղորդված համատարած ստի ու կեղծիքի քվեարկության: Եվ ես պահանջում եմ Ս.Օհանյանի հրաժարականը»,- արդեն 2015թ. դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո պահանջում էր Ր.Հովհաննիսյանը:

«Լավ կլիներ, որ Րաֆֆին, որպես քաղաքական գործիչ, այլ բաներով զբաղվեր: Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց: Ես այսօր իմ դերը իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար, չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»,- մի քանի օր անց Ր.Հովհաննիսյանին հակադարձել էր Ս.Օհանյանը:

Ահա միմյանց հասցեին այսպիսի «ջերմ» հիշողություններով, բնութագրումներով ու քննադատություններով լի ժառանգությամբ էլ այս երեք նախկին նախարարներն իրենց հետևում ունենալով մեկ այլ ոչ պակաս նախկին Ռ.Քոչարյանին՝ այսօր նախընտրական ու իշխանափոխության դաշինք են կազմել:

 

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...