2017-ի գաղտնի մեծամասնությունը

Թեև դեռևս ոչ բոլոր քաղաքական միավորներն են ներկայացրել իրենց նախընտրական համամասնական ցուցակները, այդուհանդերձ՝ արդեն իսկ, ընդ որում՝ գուցե նույնիսկ մինչ ցուցակների ներկայացման գործընթացի մեկնարկը, պարզ էր, որ 2017 թվականի խորհրդարանն իրականում աչքի է ընկնելու ոչ թե կայուն մեծամասնությամբ, այլ, այսպես ասած, «գաղտնի» մեծամասնությամբ:

Ինչպես հայտնի է, նոր կառավարման մոդելն ու ընտրակարգը սահմանում են «կայուն մեծամասնության» գաղափարը, որն ապահովելու համար ստեղծվում է նույնիսկ խորհրդարանական ընտրության երկրորդ փուլի հնարավորություն: Սակայն 2017-ի խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, այդ մեծամասնությունը ձևավորելու համար չի լինի երկրորդ փուլի անհրաժեշտություն: Դրա մասին է վկայում նաև այն, որ իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրության օր է սահմանում մայիսի 14-ը, ինչը խորհրդարանական գործընթացից հեռու է ընդամենը մոտ մեկ ամսով: Այսինքն՝ իշխանությունը, այսպես ասած, ժամանակային տեղ չի սահմանում ենթադրյալ երկրորդ փուլի համար, ինչը նշանակում է, որ ընտրությունները կանցնեն մեկ փուլով:

Սա նաև հասկանալի է տնտեսական տեսանկյունից՝ իշխանությունը չունի ֆինանսական ռեսուրսներ թե բաժանելու, թե ընտրության երկրորդ փուլ կազմակերպելու համար: Առավել ևս, որ բուն խնդիրը ըստ էության լուծվում է հենց գաղտնի մեծամասնության սկզբունքով, իսկ կայուն մեծամասնությունն ընդամենը առերևույթ, տեխնիկական գործոն է:

Ինչ է նշանակում գաղտնի մեծամասնություն: Մենք տեսնում ենք 2017 թվականի ընտրության առանձնահատկություններից մեկը՝ թերևս առաջին անգամ իշխող համակարգը ակնհայտ, ճնշող գերակայություն ունի ընդդիմության նկատմամբ: Ընդդիմադիր դաշտում եղանակ ստեղծող ուժերի մեծ մասը նույնիսկ հանդիսանում են համակարգի մասնիկներ, այս կամ այն կերպ անմիջական և սերտ առնչություն ունեցող կամ այնպիսի առնչություն ունեցած, ինչը, մեղմ ասած, թույլ չի տա դեռևս տևական ժամանակ այդ ուժերին գործել իշխող համակարգի տրամաբանությունից լիովին ազատ և անկախ:

Այսինքն՝ իշխող համակարգը՝ բացի այն, որ հանդես է գալիս ռեյտինգային և համամասնական ցուցակներով, դեռ ունի նաև մի քանի թե՛ ռեյտինգային, թե՛ համամասնական ցուցակ: Այսինքն՝ ամբողջական համակարգն ըստ էության տարրալուծված է մի շարք ցուցակներում, ոչ թե միայն ՀՀԿ-ի: Սա նշանակում է, որ եթե ֆորմալ առումով անգամ ՀՀԿ-ն կազմում է մեծամասնություն՝ կայուն մեծամասնություն, կամ դրան հասնում է որևէ ուժի՝ ՀՅԴ-ի կամ այլ միավորի հետ կոալիցիոն սկզբունքով, միևնույն է՝ նոր խորհրդարանի բուն մեծամասնությունն իրականում շարունակում է տարրալուծված մնալ տարբեր խմբակցություններում: Այսինքն՝ խորհրդարանի իրական մեծամասնության չափը կդրսևորվի միայն շատ կոնկրետ խնդիրներ լուծելու պարագայում: Իսկ այդ խնդիրների շարքում ամենաառարկայական խնդիրը, առանցքայինը, իհարկե՝ հանդիսանալու է 2018 թվականի ապրիլից հետո կառավարության ձևավորումը: Հայաստանի խորհրդարանում իրական մեծամասնությունն իր կազմով ու ծավալներով կբացահայտվի հենց այդ ժամանակ:

Այստեղ է, ի դեպ, կայուն մեծամասնության ֆունկցիոնալ նշանակությունը՝ ապահովել խորհրդարանական աշխատանքի կայունությունը մինչև 2018 թվականը, մինչև իրական մեծամասնության բացահայտման պահը, որից հետո արդեն իրավիճակը քաղաքական առումով կլինի այլևս բոլորովին նոր, այդ թվում՝ խորհրդարանական մեծամասնության տեսանկյունից: Դրանից հետո, մինչև խորհրդարանի հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածը, Հայաստանի ներքաղաքական գործընթացը՝ առնվազն ներիշխանական մասով, կընթանա արդեն այդ բացահայտված մեծամասնության մեկ միավորի շրջանակում բյուրեղացման տրամաբանությամբ՝ 2022-ի խորհրդարանի համար:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...