Latest 10 episodes

Նարեկ Մարգարյանը՝ նոր սերիալի եւ առաջիկա ամենակարեւոր ծրագրի մասին


Շատ շուտով հայկական արտադրության սիթքոմների շարքին կավելանա եւս մեկը, որի նմանը դեռեւս չկա ոլորտում. այս մասին  հայտնեց «ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ-վարողներից մեկը՝  Նարեկ Մարգարյանը:

«Այս պահին ես եւ Սերգեյ Սարգսյանն աշխատում ենք նոր սերիալի վրա, որի նմանը դեռեւս չկա հայկական արտադրությունում: Այն դասական սիթքոմ չէ, շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ է լինելու, վստահ եմ՝ մեր հեռուստադիտողը մեզնից գոհ կմնա»,- նշեց Նարեկն ու ավելացրեց.

«Դեռեւս մտածում ենք դերասանների ընտրության շուրջ եւ ոչ մի հստակ որոշումներ չենք կայացրել, բայց բացեմ մի գաղտնիք՝ շատ հնարավոր է, որ ես եւ Սերգեյը եւս որպես դերասաններ ներկայանանք: Հուսով եմ՝ սիրված դերասաններով հետաքրքիր թիմ կհավաքվի, որից հեռուստադիտողը հաճելիորեն կզարմանա»:

Հետաքրքրվելով, գուցե քաղաքական ուղվածության սիթքո՞մ լինի սպասվող աշխատանքը, Նարեկը պատասխանեց.

«Չեմ կարող բացահայտել ու մանրամասներ ասել, բայց որ հետո իմանաք, թե ինչ է լինելու, կհասկանաք, որ այս թեման շատ ավելի լավն է ու ոչ մի կերպ կապ չունի քաղաքականության հետ»:

Սպասվող սերիալը կցուցադրվի աշնանը՝ «ATV»-ի նոր եթերաշրջանում:

Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը այս պահին աշխատում են մանկական հումորային կոմեդիայի ու նաեւ ՀՀ անկախությանը նվիրված ֆիլմի վրա, այնպես որ, նրա խոսքով, աշխատանքները շատ են ու պետք է հերթականությամբ իրականացնել:

Խոսելով «ԱրմՔոմեդի» հաղորդման մասին՝ մեր այն նկատառմանը, թե մտավախություն չունեն արդյոք, որ հեռուստադիտողի համար անհամատեղելի կլինի նրանց միաժամանակ եւ հաղորդավարներ եւ դերասաններ տեսնելը, Նարեկ Մարգարյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան չկա, որ մեզ հեռուստադիտողը կարող է որպես դերասաններ տեսնել, հատկապես, որ փոքրիկ դրվագներով արդեն հանդես եկել ենք: Չեմ կարծում, որ մարդկանց համար անհամատեղելի կլինի մեզ տեսնել միաժամանակ եւ որպես հաղորդավարներ, եւ որպես դերասաններ: Չէ որ, սա ավելի լայն հնարավորություն է տալիս ավելի շատ հանդիսատես ներգրավել. գուցե գտնվեն մարդիկ, ովքեր սերիալի միջոցով կիմանան «ԱրմՔոմեդի»-ի մասին եւ հակառակը»:

Նոր աշխատանքներով զբաղված լինելը ոչ մի կերպ չի ազդի «ԱրմՔոմեդի»-ի զարգացման վրա.

«Մենք հաստատ ոչ մի դեպքում ստվերում չենք թողնի «ԱրմՔոմեդի»-ին, ավելին ասեմ՝ այս պահին մտածում ենք էջերի մասին, որոնք պետք է ավելանան նոր եթերաշրջանում: Յուրաքանչյուր սիրված հաղորդում պետք է միշտ նորարարություններով ներկայացնել, որպեսզի երբեք չկորի դրա հանդեպ հետաքրքրությունն, ինչն էլ եւ մենք ենք փորձում անել: Ինչպես մեր հեռուստադիտողը տեսավ, վերջին իրադարձություններով պայմանավորված՝ մենք ունեցանք նաեւ անգլալեզու հաղորդումներ, որոնք կկրեն շարունակական բնույթ, եթե լինեն այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն միջազգային հանրությանը: Մեր վերջին նման հաղորդումներից մեկին Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ում լայք էր տվել, ինչը նշանակեց, որ մեր նպատակը հասավ կոնկրետ թիրախի, արձագանքներ ստացել ենք նաեւ օտարազգի սովորական բնակչությունից, ինչն էլ իր հերթին նշանակեց, որ հաջողեցինք»,- ավելացրեց սցենարիստը:

Ի դեպ՝ Նարեկ Մարգարյանն առաջիկայում զբաղված է լինելու ամենակարեւոր գործով.

«Ամռանը կծնվի առաջնեկս, դա ինձ համար ամենակարեւորն է այս պահին: Փորձում եմ բոլոր աշխատանքներս հասցնել, որպեսզի նրա ծնունդից հետո ավելի շատ ժամանակ հատկացնեմ ընտանիքիս: Արդեն ինձ պատկերացնում եմ հայրիկի կարգավիճակում, հիմա սրտատրոփ սպասում եմ նրա հետ հանդիպմանը: Կարծես կնոջս հղիության ողջ ընթացքը մի փուլ լինի, որը կտեղափոխվի շատ ավելի գեղեցիկ հարթության վրա, երբ կծնվի մեր բալիկը»,- նշեց Նարեկն ու հրաժարվեց հայտնել բալիկի սեռը, նրա խոսքով գլխավորը երեխային երջանիկ մանկություն պարգեւելն է, քանի որ դա երջանիկ ապրելու գլխավոր հիմքն է:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Comments