Ես նրա չափ բարի մարդ չեմ. Դավիթ Աղաջանյան

«Թաքնված սեր» հեռուստասերիալն արդեն տեւական ժամանակ է, ինչ եթերում է: Նոր հեռուստասերիալի շրջանակներում հեռուստադիտողը տեսնում է մոդել, դերասան Դավիթ Աղաջանյանին, ով այս անգամ ներկայանում է բոլորովին նոր կերպարով:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը պատմեց նկարահանման ընթացքից եւ կերպարի հետ իր նմանություններից.

««Թաքնված սեր» հեռուստասերիալում նկարահանվելու հրավերը ստացա պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանի կողմից ու ծանոթանալով մանրամասներին՝ հասկացա, որ շատ հետաքրքիր աշխատանք է սպասվում: Հեռուստասերիալներում մասնակցություն շատ եմ ունեցել, բայց այս մեկը հետաքրքիր էր այնքանով, որ սցենարը ամբողջովին ուրվագծված է, ինչը դերասաններին հնարավորություն է տալիս ավելի ճիշտ ընկալել դերն ու առավել դիպուկ մարմնավորել»,- նշեց Դավիթն ու խոսեց իր կերպարի մասին.

«Հեռուստասերիալն ունի մի քանի գլխավոր հերոսներ. Ես մարմնավորում եմ երեք եղբայրներից ամենափոքրին՝ Լեւոնին: Նա շատ բարի մարդ է ու դրանում էլ կայանում է իմ եւ հերոսիս տարբերությունը, - ժպիտով նշեց Դավիթն ու շարունակեց,- Ես նրա չափ բարի մարդ չեմ, նրա մոտ բարության չափն անցած է: Հետագայում շատ հետաքրքիր սիրային պատմությունների մեջ է նա հայտնվելու, որը նոր գույներ կմտցնի նրա կերպարում: Փորձում եմ համոզիչ խաղալ եւ ընդունվել հեռուստադիտողի կողմից»:

Դավիթ Աղաջանյանը անդրադարձավ նաեւ նոր գործընկերներին.

«Յուրաքանչյուր աշխատանք հաջողության է հասնում, երբ մեկտեղում են հավաքված պրոֆեիսոնալ ու նվիրված մարդիկ: Մեզ մոտ իսկապես շատ ջերմ մթնոլորտ  է տիրում: Նրանց հետ առաջին անգամ եմ աշխատում, չհաշված «Սահմանին» ֆիլմը, որտեղ իմ մասնակցությամբ սերիաները շուտով կտեսնի հեռուստադիտողը: Կառանձնացնեմ սերիալում իմ  միջին եւ մեծ եղբայրներին՝ Գնել Ուլիխանյանին եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանին, նրանց հետ շատ հաճելի է աշխատել: Մեր երեք եղբայրներին երկար աշխատանքային ճանապարհ է սպասվում, որը կգնահատի հեռուստադիտողը»,- պատմեց դերասանը:

Դավիթ Աղաջանյանը նկարահանվել է «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում, որի մասին չցանկացավ մանրամասներ հայտնել.

«Վերջին շրջանում նկարահանվել եմ նաեւ «Սահմանին» ֆիլմում ու մեծ բավականություն եմ ստացել: Իմ մասնակցությամբ սերիաները շուտով կլինեն եթերում, ուստի չեմ ուզում կերպարի մասին պատմել, թող անակնկալ մնա»,- հավելեց Դավիթը:

Դերասանը նշեց նաեւ, որ առաջիկայում իր համար աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, որոնց մասին կխոսի ավելի ուշ:

Today's most read news !
Comments

Name: