Latest 10 episodes

Իմ փոխարեն ծննդյանս օրը նշում են իմ սիրելի մարդիկ. Լիլի Էլբակյանը՝ 30-ամյակի մասին

Միշտ ժպտադեմ դերասանուհի Լիլի Էլբակյանը մուտք է գործում նոր տարիքային շեմ. Նա երեկ դարձավ 30 տարեկան:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ նոր տարիքային շեմն իրեն վախեցնում է, բայց եւ պատրաստ է շրջադարձային փոփոխությունների.

«Միշտ վախեցել եմ կլոր տարիքներից, կարծում եմ՝ կլոր տարիքները միշտ մի բանի սկիզբ են, որից հետո ամեն ինչ փոխվում է, վախենում եմ այդ անորոշությունից: Երեւի թե այս մտքերով ողջ գիշեր չեմ կարողացել հանգիստ քնել, մտքերս խառն էին, անհանգիստ էի:  30-ը այլեւս փոքր տարիք չէ, այսօր մուտք գործեցի ավելի հասուն, ավելի լուրջ տարիքային շեմ, որը դեռեւս դժվարանում եմ պատկերացնել: Երբեմն թվում է, թե 17 տարեկան եմ, այդպիսին եմ հոգեվիճակով, բայց երբ տեսնում եմ երկու երեխաներիս, երբ լսում եմ ինձ ուղղված «մամա» արտահայտությունը, հասկանում եմ, որ այլեւս փոքր չեմ: Ինչեւէ՝ փորձում եմ պատրաստ լինել նոր տարիքային շեմ մտնելուն ու դրա հետեւանքներին. Ուզում եմ 30-ից հետո քայլերիս մեջ լինեմ ավելի իմաստուն, բայց էլի այնքան էմոցիոնալ, ինչքան մինչ այս եմ եղել: Անգամ պիես եմ հիմա գրում մարդու մեծանալու մասին, որ մարդն ինչքան մեծանում է, այնքան ուզում է գնալ դեպի մանկություն»,- պատմեց օրվա հերոսուհին՝ նշելով, որ այսօր տոնական խնջույք չի պատրաստել.

«Անցյալ տարի մեծ հավաքույթ էի կազմակերպել ու հյուրերս զարմացել էին, որ 29-ամյակն այդքան մեծ խնջույքով եմ նշում, բայց ինձ համար էլի նույն պատճառով  ավելի կարեւոր էր 29-ը, չէ որ այլեւս հրաժեշտ էի տալիս 20-ով սկսվող տարիքիս: Որոշել էի ոչ մի կերպ չնշել ծննդյանս օրը, քանի որ շատ աշխատանքներ ունեի՝ առավոտյան ուսանողներս էին ինձ սպասում, հետո թատրոն ու սերիալի նկարահանումներ, բայց իմ փոխարեն այսօր ծննդյանս օրը նշում են իմ սիրելի մարդիկ»,- նկատեց Լիլին ու պատմեց օրվա չորս տոնական տորթերի մասին.

«Իմ մտերիմները գիտեն, որ անակնկալներ չեմ սիրում, բայց ուսանողներս այնպիսի մի անակնկալ մատուցեցին, որից անգամ հուզվեցի. Նրանք մի մեծ տորթ էին պատվիրել՝ մեր ներկայացումների հերոսների կերպարներով ու գեղեցիկ ֆիլմ էին պատրաստել, որը պատմում էր մեր 4 տարվա ծանոթության մասին: Այս տարի ուսանողներս ավարտում են համալսարանը, նրանց հետ երկար ու լավ ճանապարհ ենք անցել, իսկ մեր պատմության մասին պատմող տեսանյութն ուղղակի հուզիչ էր ու շատ շնորհակալ եմ դրա համար: Հետո, երբ եկա թատրոն, հասկացա, որ այստեղ էլ են ինձ տոնական տորթով սպասում, որի մոմերն էլ ավանդույթին համաձայն փչեց աղջիկս: Ի դեպ՝ թատրոնում փորձի ժամանակ եւս մի անակնկալ եղավ ինձ համար՝ ընկերներս փոխեցին ներկայացման բովանդակությունը եւ հերոսուհու ծննդյան փոխարեն իմ անունը տվեցին: Տոնական տորթ կլինի նաեւ նկարահանման հրապարակում, քանի որ այս շրջանում նկարահանվում եմ 25 մասանոց ֆիլմում: Եւս մեկ տորթ էլ կա մեր տանը՝ այս պահին տատիկս ու մեր դայակը նշում են իմ ծննդյան օրը: Արդյունքում՝ ունեցա 4 տորթ»:

Լիլի Էլբակյանը շատ է գնահատում ընտանիքի առկայությունն  իր կյանքում.

«Համոն դեռ իր նվերը չի մատուցել, բայց կրկին գիտի, որ անակնկալներ չեմ սիրում, իսկ երեխաներս առավոտյան իրենց ջերմ պաչիկներով շնորհավորեցին, երբ ասացի, որ այսօր մամայի ծնունդն է: Ի դեպ՝ աղջիկս զարմացած ասաց էլ ինչ ծնունդ առանց նշելու, ես էլ պատասխանեցի, որ մեծերի ծնունդներն էդպես են լինում ու հասկացա, որ այսուհետ իմ ծնունդները երեխաներիս համար ավելի կարեւոր են»,- նկատեց դերասանուհին:

Գեղեցկուհի Լիլի Էլբակյանը իր տարիքից ավելի երիտասրադ տեսք ունենալու գաղտնիքը կապում է ոչ միայն գենետիկ ժառանգության հետ.

«Թե մայրս, եւ թե տատիկս շատ երիտասարդ են երեւում իրենց տարիքից եւ ես էլ եմ կարծես թե ժառանգել նրանց այդ տեսակը: Բայց, կարծում եմ, բացի գենետիկ ժառանգությունից այս հարցում կարեւոր է նաեւ կյանքի հանդեպ տրամադրվածությունը: Երբ տխրում եմ, անմիջապես զգում եմ, որ դեմքիս վրա մի բան այն չէ, եւ ինձ միանգամից փորձում եմ բերել այն գիտակցմանը, որ պետք է միշտ երիտասրադ մնալ հոգեպես, որպեսզի դա անդրադառնա նաեւ արտաքինի վրա»,- ավարտեց օրվա հերոսուհին:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments