«Թող պատերազմները դադարեն ու մեր բալիկներն առողջ լինեն». հունիսի 1-ը՝ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի ընտանիքում

Այսօր՝ «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», տոն է նաև դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի ընտանիքում. նրանց դուստրը՝ փոքրիկ Ռուզիկը, մայրիկի խոսքով՝ դեռևս երեկվանից անհամբեր սպասում է այս օրվան, որպեսզի մասնակցի տարբեր մանկական միջոցառումների և ստանա սպասված նվերները:

Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է, թե ինչպես են անցկացնելու 2.8 տարեկան Ռուզիկի տոնական օրը. «Ռուզիկս դեռ երեկվանից պատրաստվում էր այս օրվան: Արդեն տրամադրված է, որ պետք է գնա Խնկո Ապոր անվան մանկական գրադարան ու մասնակցի այնտեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին, ի դեպ՝ Ռուզիկս առանձնահատուկ ոգևորությամբ է հաճախում գրադարան, քանի որ այնտեղ աշխատում է մայրիկս: Այսօր նախատեսել ենք նաև, որ ընտանիքով և մեր շատ գեղեցիկ քույրիկի՝ փոքրիկի Վիկտորիայի, հետ կմասնակցենք նաև քաղաքի գրեթե բոլոր գեղեցիկ ու գունեղ միջոցառումներին: Նշեմ, որ աղջիկս արդեն շատ բան է հասկանում, իսկ ես էլ, յուրաքանչյուր վայր հաճախելիս, հանգամանորեն բացատրում եմ ու փորձում հասանելի դարձնել նրան այն, ինչն իր համար կարող է անհասկանալի լինել»,- պատմեց Լուսին Վարդանյանը:

Դերասանուհու խոսքով՝ բոլոր երեխաների նման Ռուզիկն էլ նվերներ շատ է սիրում ստանալ, իսկ այսօր առանձնահատուկ ոգևորությամբ է դրանց սպասում.

«Նվերների պարագայում էլ ոգևորությունը դեռ երեկվանից կար, մեր տատիկներից մեկն արդեն տվել է իր նվերը՝ շատ գեղեցիկ զգեստ է, մյուս տատիկց այսօր դեռ կստանանք, իսկ ես ու Վահագնը դեռ չենք կողմնորոշվում ինչ նվիրել մեր անուշ աղջկան: Պետք է նկատեմ, որ Ռուզիկը շատ հետաքրքիր նախասիրություններ ունի նվերների հարցում. կարող է որպես նվեր շատ գեղեցիկ տիկնիկ կամ զգեստ ստանալ, դրա հետ մեկտեղ նաև ջրաներկ, ու ամեն ինչ մի կողմ դնի և կենտրոնանա ջրաներկի վրա, այնպես որ մեր աղջիկն արվեստին մոտ բալիկ է»,- ժպիտով նշեց երիտասարդ մայրիկն ու պատմեց դստեր հետաքրքրություններից.

«Աղջիկս շատ է սիրում երգել, պարել, անգամ բեմադրում է, ինչ-որ բաներ հորինում: Մի օր ասաց՝ «Մամ, այսօր «պրագոն» ունեմ», այդ բառը իմ պրեմիերայից առաջ ինձնից էր լսել, դե իսկ մենք էլ մի լավ ծիծաղեցինք: Նա շատ սիրում է նկարել, պլաստիլիններով տարբեր պատկերներ է պատրաստում: Բացի նշածս բոլոր հետաքրքրություններից՝ Ռուզիկը մի տիկնիկ ունի, ում մայրիկի դերում է իրեն երևակայում ու շատ լրջորեն խնամում է իր «բալիկ» տիկինին»:

Զրույցի ընթացքում Լուսին Վարդանյանը նկատեց նաև, որ աշխատանքային զբաղվածությունը չի խանգարում դերասան-ամուսիններին անհրաժեշտ ժամանակ տրամադրել իրենց բալիկին.

«Մենք ամեն ինչ անում ենք և կարողանում ենք հասցնել ակտիվ աշխատանքային գրաֆիկի մեջ ժամանակ առանձնացել մեր աղջկա համար: Ըստ իս՝ ծնողները պետք է միշտ ժամանակ ունենան, զբաղվեն, սիրեն ու գուրգուրեն իրենց երեխաներին, քանի որ ծնողի տեղը ոչ ոք չի կարող գրավել կամ լրացնել»,- հավելեց դերասանուհին ու օրվա խորհրդին համաձայն՝ իր շնորհավորանքը հղեց աշխարհի բոլոր մանուկներին.

«Շնորհավորում եմ աշխարհի բոլոր բալիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող բոլոր երեխաների դեմքին միշտ ժպիտ լինի, անհոգ մանկություն ունենան ու մշտապես ծնողների, հարազատների և լավ մարդկանց շրջապատում լինեն: Թող պատերազմները դադարեն ու մեր բալիկներն առողջ լինեն»,- զրույցն ավարտեց Լուսին Վարդանյանը:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: