Աստղիկ Սաֆարյանը՝ Նարեկ Պետրոսյանի հետ զուգերգի, ֆոտոմոդելային կարիերայի և ապագա ծրագրերի մասին

Օրերս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ու ռեփեր Նարեկ Պետրոսյանն իրենց երկրպագուներին ներկայացրին տեսանյութ՝ ակնարկելով, որ այս պահին նրանք նոր համագործակցությամբ են զբաղված: Life.panorama.am-ը Աստղիկ Սաֆարյանից հետաքրքրվել է նոր դուետի մանրամասներով ու առաջիկա այլ ծրագրերով:

«Օրեր առաջ Նարեկ Պետրոսյանի հետ (ՄԵԾ ՀԱՅՔ) համատեղ նոր ստեղծագործություն ենք ձայնագրել, որն ըստ էության նոր համագործակցություն է` դուետ  Նարեկի հետ։ Առհասարակ դուետներ շատ քիչ եմ անում, քանի որ միշտ զգուշորեն եմ վերաբերվել այս հարցին և դուետի գործընկերոջ ընտրությանը, բայց Նարեկի դեպքում այլ էր, քանի որ միշտ սիրել և գնահատել եմ այն որակյալ երաժշտությունը, որ ներկայացնում է Նարեկը։ Ինձ համար հաճելի էր աշխատել նրա հետ և առնչվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի հետ։ Երգի վերնագիրը դեռ թողնենք գաղտնի, բայց մանրամասնելով տեղեկացնեմ, որ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ գրել, իսկ Նարեկի հատվածի հեղինակը բնականաբար նա է։ Երգի երաժշտական պրոդյուսինգը ամբողջությամբ արվել է Նարեկի և «Play Back Production» -ի կողմից, իհարկե, համատեղ համաձայնեցնելով բոլոր երաժշտական  գաղափարները,- նշեց նա ու ավելացրեց.

«Առաջին իսկ վայրկյանից, երբ լսեց երգիս  ամենասկզբնական տարբերակը, Նարեկն իսկապես սրտանց ներդրվեց գործին, ինչի համար իհարկե շնորհակալ եմ նրան և «Play Back Production»-ի բոլոր տղաներին։ Չեմ ցանկանում ավել մանրամասնել, միայն կասեմ, որ մեր նոր համագործակցությունը շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել, ինքս էլ անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այն հանձելու իմ լսարանի դատին»։ 

Մեր նկատառմանը, թե ինչո՞վ էր երգչուհին զբաղված վերջին ամիսներին, քանի որ հանդիսատեսն արդեն իսկ զգում էր նրա համեմատաբար պասիվ լինելը, Աստղիկը նշեց.

«Անչափ հաճելի է և պարտավորեցնող,  երբ գիտեմ, որ իմ երկրպագուները միշտ սպասում են ինձանից  աշխատանքային նորությունների։ Հենց դա էլ ինձ ստիպում է միշտ աշխատել ավելի շատ։ Նրանց սպասումներն իմ գլխավոր ոգեշնչման աղբյուրն են։ Փակագծերը չբացելով՝ կասեմ, որ այժմ աշխատում եմ իմ կողմից ծրագրված մի մեծ պրոյեկտի իրականացման վրա, որը կապված է իմ գործունեության 10-ամյակի հետ,  որի արդյունքը հուսով եմ կգոհացնի իմ լսարանի բոլոր սպասումները»։ 

Ինչպես շատերը գիտեն՝ ամիսներ առաջ Աստղիկ Սաֆարյանը կրկին Իսպանիա մեկնեց եւ այդ անգամ այնտեղ գտնվելու օրերին ավելի շատ զբաղվեց ֆոտոմոդելի աշխատանքով: Պարզվում է՝ այդ ոլորտում եւս Աստղիկը մեծ ծրագրեր ունի.

«Իսպանացի լուսանկարիչների կողմից կան  համագործակցության նորանոր առաջարկներ աշխատել որպես ֆոտոմոդել, ինչպես նաև վերջերս զրուցում էի իտալացի պրոֆեսիոնալ լուսանկարիչ ընկերներիցս մեկի հետ, ով մեծ ցանկություն հայտնեց համագործակցելու և առաջարկեց ֆոտոշարք իրականացնել Միլան քաղաքում։ Ինչպես միշտ աշխատանքս շատ է, իսկ ժամանակը՝ միշտ քիչ»,- նկատեց արդեն նաեւ ֆոտոմոդել երգչուհին:

Իսկ որպես բիզնես լեդի ու դիզայներ՝ Աստղիկը նշեց, որ հայ երիտասարադությունը անհամեմատ նորաձեւ է սկսել հագնվել, ինչպես նաեւ անդրադարձավ իր բիզնես ծրագրերին.

«Նկատում եմ, որ մեր երիտասարդությունը սկսել է ավելի շատ հետևել նորաձևությանը և ավելի շատ օգտվել նորաձև թրենդերից, համենայն դեպս դարձել է ավելի նորաձև, ինչն իսկապես շատ հաճելի է։ Որպես բիզնեսի տեսակ՝  նորաձևության հետ կապված ցանկացած բիզնես էլ շահեկան է, քանի որ, ըստ իս, այն միշտ էլ եղել և մնում է ամենաարագ զարգացողներից։ Իմ ստեղծած աքսեսուարների բրենդն այսօր կարելի է ասել առաջին հայկական ապրանքանիշերից է (եթե ոչ առաջինը), որ մասնագիտացված է հատկապես գլխարկների տեսականու մեջ և ներկայացնում է գլխարկների գրեթե բոլոր տեսակները։ Ինքս գլխարկների մեծ սիրահար եմ եղել դեռ մանկուց և միշտ եմ կրում դրանք: Ինձ համար անչափ հաճելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ այսօր կրում իմ կողմից ստեղծած գլխարկներն ու աքսեսուարները»,- ավարտեց երգչուհին:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...