Միայն կասեմ, որ ամուսնացած չեմ. Գայանե Բալյանը՝ անձնական կյանքի ու հագեցած գրաֆիկի մասին

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Գայանե Բալյանն, ով այս շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկին:

-Գայանե, վերջին տարիներին «Շանթ» Հ/Ը  հետ համագործակցությունները մեկը մյուսին հաջորդում են: Կպատմե՞ք նոր համագործակցության մասին:

-  Այո, իմ եւ «Շանթ» Հ/Ը միջեւ առողջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծված: «Թաքնված սեր» հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա գրեթե երկու ամիս առաջ ու անմիջապես համաձայնեցի: Այս անգամ կերպարիս հետ ծանոթանալով՝ շատ ուրախացա, քանի որ այն տարիքային իմաստով ինձ համապատասխանում է, այլապես մինչ այսօր մեծ մասամբ ինձնից ավելի մեծ տարիքով կանանց եմ մարմնավորել: Որքան էլ դերասանը պետք է ունենա հմտություններ, բայց բարդ է կերտել քեզնից տարիքով կերպարներ, չէ որ պետք է ապրես, համապատասխան փորձ ու մտածելակերպ ունենաս, որպեսզի ինքդ էլ հասկանաս կերպարիդ էությունը:

-Նկատելի է, որ Ձեզ շատ ժամանակ վստահում են բացասական, իսկ առավել հաճախ ինչպես դուք նշեցիք՝ տարիքով կանանց դերեր, ինչի՞ հետ եք կապում ռեժիսորների նման ընտրությունը:

- Չգիտեմ, գուցե արտաքինս այդ հարցում իր նշանակությունն ունի, գուցե ավելի հասուն երեւալս է իր դերն ունենում: Այս հարցին թերեւս ճիշտ կպատասխանեն հենց ռեժիսորները, ամեն դեպքում՝ նրանց նման ընտրության մեջ բացասական նոտա չէի տեսնում, բայց եւ շատ ուրախ չէի, որ նրանք ինձ տեսնում էին մեծամասամբ նման կերպարներում: Ըստ իս՝ սերիալային ռիթմի մեջ սխալ է կերտել ոչ համապատասխան տարիք, որովեհետւ, եթե սովորաբար դերասանը կերտում է նոր բնավորություն, ապա այդ դեպքում նա կերտում է տարիք: Երեւի այլեւս երբեք չեմ համաձայնվի նման կերպարներ կերտել, թեպետ սխալ է ասել «երբեք»:

-«Թաքնված սեր» հեռուստասերիալում Ձեր կերպարի հետ որքանո՞վ եք ներդաշնակ զգում, նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

-  Ես ու հերոսուհիս՝ Աննան, ունենք մի շատ կարեւոր ընդհանրություն՝ նա էլ ինչ-որ բաների հետ չի համակերպվում ու փորձում է պայքարել դրա համար եւ փոխել կյանքը, իրական կյանքում ես էլ պայքարող ու չհամակրեպվող մարդ եմ: Իսկ տարբերությունները շատ են:

-Գայանե, գիտեմ, որ բացի դերասանական արվեստից այլ հետաքրքրություններ էլ ունեք, կպատմե՞ք դրանց մասին:

-  Այո, ես զբաղվում եմ  MS Paint-ն համակարգչային ծրագրով՝ մեծամասամբ նկարելով զգացողություններս. արդեն երկու ցուցահանդես եմ ունեցել: Ինձ շատ է հետաքրքրում այս ոլորտը, այստեղ ես ազատ եմ ինքս ինձ հետ: Բացի այս՝ հիմա փորձում եմ հմտություններ ձեռք բերել նաեւ դիմահարդարման արվեստում. Ինձ շատ դուր է գալիս կնոջ գեղեցկությունն ընդգծել ու զարկ տալ երեւակայությանս, ես կարող եմ երկար մտածել, թե տվյալ աղջկան կամ կնոջը ինչ գույներ կսազեն: Պետք է շեշտեմ նաեւ, որ հոբիներս որքան էլ սիրում, դերասանական արվեստն ինձ ուղղակի ապրեցնում է ու միշտ առաջին տեղում է, բեմն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում:

-Գայանե, ինչպե՞ս եք հասցնում միաժամանակ այսքան մեծ զբաղվածություն ունենալ:

-  Մեծ դժվարությամբ, ողջ օրս վազքի մեջ է անցնում, շատ ժամանակ անգամ թատրոնի փորձերին չեմ հասցնում ներկայանալ, ինչի համար ցավում եմ :

-Ձեր մասին տվյալներ գտնելը շատ դժվար է, քանի որ այն դերասանուհիներից եք, ով ավելի պասիվ կամ համեստ է գործում: Ձեր անձնական կյանքն էլ շատ փակ եք պահում, հետաքրքիր է ինչո՞ւ:

-  Իմ անձնական կյանքը շատ եմ առանձնացնում աշխատանքիցս եւ փորձում եմ չխառնել մեկը մյուսի հետ: Իմ ընտրությունն է եղել, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը իմ մասին քիչ բան իմանա, շատ ուշադրությունն ինձ այնքան էլ հաճելի չէ: Հիմա էլ չեմ խոսի անձնական կյանքից, միայն կասեմ, որ ամուսնացած չեմ:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...