Մի փոքր հուզականություն է առաջանում, երբ ժամանակին քո կողմից ծնունդ տված հաղորդումն ապրում է առանց քեզ. Ժակը՝ Հանրայինի «Բենեֆիս» նախագծի մասին


Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կհեռարձակվի «Բենեֆիս» երաժշտական նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Ինչպես շատերը կհիշեն՝ տարիներ առաջ «Բենեֆիս» անվանմամբ կրկին Հանրայինի եթերում գործում էր նախագիծ, որը վարում էին ռադիո եւ հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակը: Թերեւս հենց այս հանգամանքն էր Լուսինե Բադալյանին ստիպել հանդես գալ հայտարարությամբ.

«Իրականում ուրախ եմ, որ էս հրաշալի նախագիծը վերակենդանանում է, բայց ի գիտություն ՝ կուզենայի հիշեցնել, որ սա Ժակի մտահղացումն էր՝ հեղինակային նախագիծը, որը ժամանակին հրաշալի իրականացրեց Հրաչ Քեշիշյանը: Մենք մինչև վերջերս բազմիցս դիմել ենք Հանրայինին՝ այն վերականգնելու համար, միշտ մերժվել ենք, ու հասկանալի է, որ ինձ կարող է թեթև ցավ պատճառել ՝ մեզ մերժելուց հետո իմանալ, որ այն այնուամենայնիվ արվում է՝ առանց նույնիսկ անունը փոխելու»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Ժակի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք հաղորդավարը պատրաստվում է հեղինակային իրավունքներ պահանջել Հանրային հեռուստաընկերությունից, որին պատասխանելիս՝ Ժակը սկսեց նախապատմությունից.

«2008-09 թթ-ներին «Բենեֆիս» նախագիծը ստեղծվեց իմ գաղափարով ու մտահղացմամբ եւ որոշակի հղկումներ ստանալով պրոդյուսեր եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի կողմից՝ այն հեռարձակվեց Հանրայինով: «Բենեֆիս» անունն էլ նախագիծը ստացավ մեր թիմի կողմից եւ մոտավորապես 11 համերգներ ունեցավ: Ընդ որում այն ժամանակ նախագիծն իր ձեւաչափով առաջինն էր: Ինչ վերաբերվում է իրավունքների պաշտպանմանը, իհարկե, հաղորդումը պատկանում է Հանրային հեռուստաընկերությանը, ու հեղինակային իրավունքների մասին խոսելը գուցե այնքան էլ տեղին չէ: Այո, գաղափարն իմն էր, բայց իրագործել ենք Հանրայինի հետ միասին: Իհարկե, որոշակի նոստալգիկ ապրումներ ունեցա, դրան զուգահեռ ցանկություն կար հաղորդման շարունակությունն իրագործելու, որը այս տարիներին տարբեր պատճառներով հետաձգվեց, արդյունքում հիմա կարող եմ խոսել միայն բարոյական իրավունքների մասին, պաշտոնական որեւէ գրանցում այդ տարիներին չի եղել: Մի փոքր հուզականություն է առաջանում, երբ ժամանակին քո կողմից ծնունդ տված հաղորդումն ապրում է առանց քեզ, բայց որեւէ խնդիր չկա, ժամանակը շարունակում է առաջ շարժվել, ինքս էլ շատ ուրախ կլինեմ, որ նախագիծն իրականանա եւ յուրաքանչյուր հաջող եթերի մեջ կտեսնեմ նաեւ մեր մի մասնկը,- նշեց Ժակն ու շարունակեց.

«Հանրային հեռուստաընկերությունը տարիներ հետո որոշել է վերակենդանացնել այս նախագիծը, ինչի համար շատ ուրախ եմ: Ես դեռ չգիտեմ, թե ինչ փոփոխություններ կլինեն նախագծում, ով այն կվարի, բայց ուրախ եմ, որ մեր ստեղծած նախագծի կրտսեր եղբայրը նոր կյանք կտա «Բենեֆիս»-ին: Պետք է հատուկ շեշտեմ, որ Հանրային հեռուստաընկերության հետ մեր կապը շարունակվում է բարեկամական հարթության վրա լինել»:

Ժակը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ իրեն կամ Լուսինեին նախագիծը վարելու առաջարկ չի եղել.

«Տարիներ առաջ, երբ հաղորդման առաջին եթերաշրջանն ավարտվեց, մենք գրեթե մեկ տարի սպասեցինք՝ հույսով, որ այն կրկին եթերում կլինի, սակայն, երբ հաղորդման վերակնգնումը ուշացավ, բնականաբար, տարվեցինք նոր գաղափարներով ու աշխատանքներով: Երբ որեւէ նախագիծ հեռարձակվելուց հետո մեկ-երկու տարի չի վերահեռարձակվում, մտածում ես՝ վերջ, գեղեցիկ պատմությունն ավարտվեց: Իսկ հիմա մեզ հաղորդումը վարելու առաջարկ, ցավոք, չի եղել: Անգամ չգիտեմ, թե ով է վարելու»,- հավելեց հաղորդավարը:

Ներկայացնում ենք Լուսինե Բադալյանի գրառումն ամբողջությամբ.

«Իրականում ուրախ եմ, որ էս հրաշալի նախագիծը վերակենդանանում է, բայց ի գիտություն՝ կուզենայի հիշեցնել, որ սա Ժակի մտահղացումն էր՝ հեղինակային նախագիծը, որը ժամանակին հրաշալի իրականացրեց Հրաչ Քեշիշյանը: Մենք մինչև վերջերս բազմիցս դիմել ենք Հանրայինին՝ այն վերականգնելու համար, միշտ մերժվել ենք, ու հասկանալի է, որ ինձ կարող է թեթև ցավ պատճառել ՝ մեզ մերժելուց հետո իմանալ, որ այն այնուամենայնիվ արվում է՝ առանց նույնիսկ անունը փոխելու: Կարելի էր գոնե Ժակին զգուշացնել , քանզի մենք ամիսներով այն կերտել էինք, 100-ավոր դռներ էինք թակել , անքուն գիշերներ անցկացնելով մշակել էինք, մինչև Քեշիշյանը մեզ հավատաց ու արեց, հետո նույնիսկ մրցանակ ստացանք՝ որպես լավագույն երաժշտական նախագիծ: Ինչևիցե բարի երթ եմ մաղթում: Ժակո ջան, դու կեցցես՝ քո հրաշալի մտքերով»:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: