Սարգսի եւ Մանոյի ընտանիքի ուրախ ժամանցը Երեւանի փողոցներում

Սարգիս եւ Մանո գեղեցիկ զույգը վերջին շրջանում ընտանեկան նոր ավանդույթ է ձեւավորել, որն էլ ներկայացնում ենք մեր գունեղ նոր ֆոտոշարքում: BRAVO.am-ի հետ զրույցում ամուսինները խոսել են առօրյայի, դուստրերի ապագայի, գործնական նորությունների մասին եւ ոչ միայն:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` դուստրերի հետ


Սիրահարված Երեւանին

Սարգիս. Շատ եմ սիրում մեր քաղաքը: Ինչո՞ւ չվայելել, եթե մի փոքր ազատ ժամանակ կա: Կարելի է պարզապես քայլել, շփվել մարդկանց հետ, իսկ սրճարանն ու ժամանացի այլ վայրերն այս դեպքում պարտադիր չեն: Աշխատանքի բերումով մեր երկիրը լքելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, բայց տասն օրից ավելի չեմ կարողանում այլ վայրում ապրել:

Մանո. Նախորդ տարի բավական ծանրաբեռնված էր մեր գրաֆիկը: Այժմ, զգալով դրա եւ սթրեսների ազդեցությունը, փորձում ենք ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին, զբոսանքին: Մեկ-երկու անգամ քայլեցինք մեր քաղաքով եւ հասկացանք, թե որքան շատ ենք զգում դրա կարիքը: Որոշել ենք շաբաթը գոնե երկու անգամ նման զբոսանք կազմակերպել: Հայտնի լինելու հանգամանքը մեզ վրա բացարձակ չի ազդում: Վերջերս ուժեղ անձրեւին Աբովյան փողոցի նստարաններից մեկին նստած էինք: Բոլորը զարմանքով մեզ էին նայում, իսկ մենք հանգիստ վայելում էինք այդ պահը:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները` դուստրերի հետ


Ավելի հարազատ է քաղաքի կենտրոնական հատվածը` Հյուսիսային պողոտայից մինչեւ Թատերական ինստիտուտ. կապված է ուսանողական տարիների հիշողությունների հետ, երբ ավելի անհոգ էինք: Քայլելիս ուզում եմ ժամանակը հետ տալ: Իսկ աղմուկից կտրվելու, լիարժեք հանգստանալու համար հանգստյան օրերին քաղաքից դուրս ենք մեկնում` ամառանոց: 

Սարգիս. Անկեղծ ասած, երեւի շուտով հենց ամառանոց էլ տեղափոխվենք:

Սարգիս Գրիգորյանը` դուստրերի հետ


Որակի եւ գեղեցկության հետքերով 

Սարգիս. Վերսկսել ենք ուղիղ եթերում վարել «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը: Բացի այդ, առաջիկայում նոր հեռուստանախագիծ կլինի, որի փակագծերը դեռ չեմ բացի: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ եւս ունեմ: Այս ամենին զուգահեռ զբաղվում ենք միջոցառումների կազմակերպմամբ: Ես գոհ եմ Աստծուց ամեն ինչ համար: Աշխատանքի բերումով ավելի եմ համոզվում, որ հոյակապ ժողովուրդ ենք` թե՛ ճաշակի, թե՛ մտածողության առումով: Կարող ենք որակ եւ գեղեցկություն թելադրել: Հպարտություն է: 

Մանո. Նույնիսկ Փարիզում միջոցառում կազմակերպելիս մեր ամենասովորական միտքն ու գաղափարը զարմանք է առաջացնում: Փորձում ենք հայկականությունը միշտ պահել: Ուրախալի է, որ հաճախ նման առաջարկներ նորապսակ զույգերից ենք լսում:

Սարգիս. Երբեմն այս գործում վանում է անճաշակությունը, մարդկանց նախանձը: Շատերը կասեն, թե ինչու է նման բաներից խոսում, երբ ինքն էլ երբեմն անորակ նախագծերում է նկարահանվում: Ես այլընտրաք չունեմ, որովհետեւ հիմա որակով նախագիծ գրեթե չկա: Մյուս տարվանից կսկսեմ իմ սեփական գործունեությունն այս բնագավառում: Կփորձեմ ֆինանսավորել այն նախագծերը, որոնք, ըստ իս, որակ կունենան: Կզբաղվեմ նաեւ պրոդյուսինգով: 

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` դուստրերի հետ


Շատերի նման չեմ լինի նույն նախագծի ե՛ւ պրոդյուսերը, ե՛ւ գլխավոր հերոսը, ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ սցենարիստը: Դրանք կլինեն ֆիլմեր, նախագծեր, որոնցում հանդես կգամ, բայց գլխավոր հերոսի դերը պարտադիր չէ: Կարծում եմ` կկարողանամ լավ գործընկերների հետ սեփական միջոցներով ստեղծել որակյալ արտադրանք: Համոզվում եմ, որ այն մարդիկ, ովքեր ինձ որեւէ դեր կամ նախագիծ են առաջարկում, այնքան էլ ճիշտ չեն որոշ հարցերում: Ցավն այն է, որ նրանք երբեմն չեն ուզում լսել: Դա լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ժամանակն է փոխել իրավիճակը:

Երբ հայտնի լինելն ամենակարեւորը չէ

Մանո. Շատ եմ շփվում Թատերական ինստիտուտի երիտասարդների հետ: Ուզում եմ հասկանալ, թե ինչու են ընտրում դերասանի մասնագիտությունը: Շատերի համար միայն հայտնի լինելն է գերնպատակ, քչերն են ասելիքի համար ընտրում: 

Սարգիս. Վերջերս հաղորդագրություն ստացա, որտեղ նշված էր, թե Հոլիվուդում մարդիկ գումար են տալիս, որ իրենց լավ ու ճանաչված դերասան դարձնեն: Երեւի գումար էր ուզում առաջարկել: Իմ պատասխանն էր, որ եթե շնորհք ու տաղանդ ունես, այնուամենայնիվ, կգտնես քո տեղն այս երկրում. իմ իսկ օրինակը նկատի ունեի: Դժվար, բայց ազնիվ ճանապարհով ինչ-որ բանի հասնելու համն ու հոտն, իսկապես, ուրիշ է:

Մանո Գրիգորյանը` դստեր հետ


Ախ, այդ բամբասանքները

Մանո. Ավելի շատ իմ մասին են խոսում: Լսել եմ, թե իբր մեծամիտ եմ: Որեւէ մեկի գովասանքը կամ վատ խոսքերն ինձ ոչինչ չեն տալիս: Շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ: Պետք չէ ուրիշների կարծիքներով առաջնորդվել: Վերջերս կինոթատրոնում ֆիլմ դիտելիս լսեցի իմ հասցեին ուղղված «ոնց եմ զզվում այս աղջկանից» արտահայտությունը: Շրջվեցի եւ պատասխանեցի` «Իսկ ես ձեզ շատ եմ սիրում»:

Հաջողության բանաձեւ

Մանո. Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Դժվարությունների հանդիպելիս վստահ եմ, որ հաջողությամբ հաղթահարելու ենք:

Սարգիս. Անկեղծ պետք է լինես քո նկատմաբ: Ընտանիքը, բարեկամներն ու ընկերներն իրենց տեղն ունեն: Պետք է յուրաքանչյուրին հասանելիք ժամանակն ու ուշադրությունը տրամադրես: Մի բանի համար եմ զղջում` ապրում եմ մի շրջանում, երբ ժամանակը վազում է, իսկ ես դեռ արժեքավոր ոչինչ չեմ ստեղծել: Ախր կարող եմ, զգում եմ, որ Աստված ներուժ է տվել:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` դուստրերի հետ


Ընտանիքի ապագան

Մանո. Ընտանիքն իմ ամեն ինչն է: Առանց Սարգսի, երեխաների, ծնողների չեմ պատկերացնում իմ կյանքը: Այն մի ամբողջական սիրտ է, որտեղ տարբեր գույներ են բաբախում:

Սարգիս. Ի վերջո, ընտանիքն այն կարեւորագույն ձեռքբերումն է, ինչի համար լույս աշխարհ ենք գալիս:

Մանո. Վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ. ճիշտ է` դեռ շատ ժամանակ կա, բայց հարսի պար բեմադրելիս մի պահ պատկերացրինք մեր աղջիկներին ամուսնացնելիս: Այնքան էի հուզվել: Դեռ չեմ ուզում պատկերացնել:

Սարգիս. Ցանկանում եմ, որ մեր երկիրն այնքան լավը լինի, որ մեր երեխաների ապագան այստեղ տեսնենք:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...