Latest 10 episodes

Սոֆի Մխեյան. «Եթե ընտանիք կամ կարիերա թեման երբևէ քննարկվի, միանշանակ կընտրեմ ընտանիքը»

Ինչպե՞ս եք ընտրում այն լուսանկարներ, որ տեղադրում եք ձեր էջում, երգում ե՞ք միջոցառումներին, ինչպե՞ս եք կարողանում թաքցնել անձնական կյանքը, թե՞ թաքցնելու բան էլ չկա: Այս հարցերին և ոչ միայն պատասխանել է հայկական շոու բիզնեսի ամենավառ երգչուհին` Սոֆի Մխեյանը, ով օրեր առաջ լուսանկարվել է BlogNews.am–ի համար:

- Սոֆի, քանի՞ տարի է արդեն բեմում ես:

- Արդեն տասը տարի. 2005-2006 թվականի սեպտեմբերին առաջին տեսահոլովակս հայտնվեց հեռուստաեթերում, և մարդիկ սկսեցին ճանաչել ինձ որպես երգչուհի ՝Սոֆի Մխեյան։

- Ի վերջո հոբելյանական տարի է ստացվում և շատ արտիստներ այն ինչ որ կերպ նշում են, դու ունե՞ս նման ցանկություն:  

- Ցանկություն իհարկե կա. կուզեի ներկայանալ մենահամերգով, բայց այնպես է ստացվում, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մենահամերգս հետաձգվում է։ Իսկ հանգամանքերը տարբեր են` տեխնիկական, կապված նաեւ ժամանակի, տարբեր իրադարձությունների հետ:

- Վերջին շրջանում մենահամերգների ակտիվություն եմ նկատում, ինչը վերջին տարիներին շատ էր պակասել: Ինքդ էլ կոլեգաներիդ մենահամերգներին ներկա էիր. արդյո՞ք չես ուզում նման տոն էլ դու պարգևես երկրպագուներիդ:   

- Շատ անգամներ եմ համերգներով լինում Հայաստանի մարզերում, և հանդիսատեսի ոգևորվածությունից հասկանում եմ, թե որքան կցանկանային մենահամերգիս լինել: Մարդիկ, ովքեր ինձ լսում են, սիրում են, ծափահարում են, գիտեն, որ ես պարզապես անելու համար երբեք ոչինչ չեմ արել եւ չեմ անի: Մենահամերգի ժամանակն էլ կգա,  կարեւորն այն է, որ ամեն դեպքում միշտ ստեղծագործական ռիթմի մեջ լինես։

- Կար ժամանակ, երբ երգիչ-երգչուհիները խուսափում էին ասել, որ նրանք երգում են տարբեր խնջույքներին, բայց հիմա չեն էլ թաքցնում: Հաճախ ե՞ս նման առաջարկներ ստանում և արդյո՞ք թանկ է քեզ ինչ-որ խնջույքի հրավիրելը:

- Ինձ ավելի հաճախ տեսնում են բեմում եւ հեռուստատեսությամբ, ու շատերի մոտ կարծիք է ձևավորվում, որ ես ներկա չեմ լինում միջոցառումների: Բայց իրականում շատ նորմալ եմ վերաբերվում արտիստի՝ միջոցառումների ընթացքում ելույթ ունենալու փաստին եւ ինքս էլ, երբ առաջարկ եմ ստանում՝ ցանկության և վերջնական պայմանավորվածության դեպքում մասնակցում եմ։ Իսկ ֆինանսական առումով չեմ կարող ասել, որ  մատչելի է, բայց հակառակն էլ չեմ պնդի։

- Սոֆի, կոլեգաներիցդ շատերն այսօր միայն բիզնես նպատակ են հետապնդում: Այսինքն բացառապես ստեղծում են երգեր, որոնք գումար են բերում: Դու չե՞ս մտածում հեշտ գումար վաստակելու մասին:

- Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է կոմերցիոն երգ ստեղծել, տարբերակին շատ լավ եմ ծանոթ, բայց երբեք չեմ շեղվել այդ ուղղությամբ, փոխարենը կարողացել եմ իմ ռիթմերն ու տեսակը պահելով` լինել շատ արդի և լսվող:

- Հաճախ արտիստները ներկայացնում են այնպիսի գործ, որ վրա ծախսած գումարը կարողանան վերադարձնել:  Ամեն դեպքում քո երկու աշխատանքերն բավականին ծախսատար էին, կարելի է՞ ասել, որ ծախսածդ գումարը կարողացար վերադարձնել:

- Պարզ է՝ ենթագիտակցորեն մտածում ես այդ մասին և իհարկե ուզում ես, որ հենց այդպես էլ լինի: Բայց կոնկրետ իմ դեպքում այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր աշխատանք անելիս, ինչքան էլ որ վերը նշվածի մասին մտածեմ՝ աշխատանքն էլ ավելի լավ անելու ցանկությունն առավել մեծ է: Օրինակ, եթե որոշել եմ որոշակի գումարի մեջ տեղավորվել, այնպես է ստացվում, որ միշտ ավելի գումար եմ ծախսում, քանի որ մտածում եմ, որ այս հավելյալ դետալն էլ ավելացնելու դեպքում, էլ ավելի լավ արդյունք կստանամ: Իրականում այդ ամենը հետադարձ այնպիսի հետաքրքիր ձևով ես ստանում, որ հասկանում ես՝ կատարած աշխատանքդ և նվիրումդ իզուր չէր:

- Ամեն դեպքում դու հայկական շոու բիզնեսի այն երգչուհիներից ես, ով սիրում է զարմացնել և չկրկնվել: Ինչի՞ց ես ոգեշնչվում  նոր գաղափարներ ստեղծելուց:

- Շնորհակալ եմ։ Նախ կարծում եմ, որ յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր է միշտ նորովի ու յուրովի ներկայանալը: Իսկ ես շատ բաներից կարող եմ ոգեշնչվել, օրինակ շրջագայություններից, որոնց ընթացքում փորձում եմ հնարավոր շատ տեղերում լինել, հետաքրքիր վայրեր բացահայտել, հայտնի արտիստների համերգներին ներկա գտնվել: Կարող եմ նաեւ պարզապես համացանցով դիտել աշխարհի մեկ այլ ծայրում կատարվող մի իրադարձություն ու ոգեշնչվել: Այսինք աշխարհն անընդհատ ճանաչելու ցանկությունը ինձ տալիս է ոգեշնչման աղբյուրներ:

- Հիշում ե՞ս կյանքիդ այն փուլը, երբ դու հայտնի չէիր: Արդյո՞ք կային սովորություններ, որոնք ունեիր, որոնց մասին հիմա մոռացել ես: Օրինակ, վստահ եմ՝ հիմա երթուղային չես նստում:

- Իհարկե վերջին տարիներին երթուղային չեմ նստել, բայց մարդաշատ վայրերում հաճախ եմ լինում: Վստահ եմ՝ շատ բաներ կան, որ փոխվել են և հիմա նույնիսկ կդժվարանամ հիշել դրանք, ամեն դեպքում չեմ մեկուսանում և փորձում եմ միշտ լիենել ու քայլել ժամանանին համընթաց։

- Լինում են չէ՞ դեպքեր, երբ ինչ-որ լուսանկար ցանկանում ես տեղադրել քո էջում, բայց ամեն դեպքում ազատ չես քո ցանկություններում: Հայտնի լինելը ինչի՞ց է զրկում մարդուն: 

- Մեր ոլորտում մենք հաճախ սահմանափակում ենք մեզ։ Մարդիկ մեզ այլ կերպ են ընդունում և անհնար է բոլորին բացատրել, որ մենք էլ ենք մարդ և մենք էլ կարող ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք, օրինակ՝ առանց շպարի կամ անտրամադիր:  Իհարկե, շատ ուշադիր եմ իմ գրառումների և հրապարակած նկարների հանդեպ: Ու առհասարակ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածում եմ, արժե թե ոչ։  

- Նոր աշխատանք ունես, նոր զբաղմունք: Ինչպե՞ս ես զգում քեզ նոր պաշտոնում և արդյո՞ք սա կխանգարի քո ստեղծագործական կյանքին:

- Այս հարցը շատ է ծագել, բայց ուրախ եմ որ նոր աշխատանքս մոտ է այն ամենին ինչով ես զբաղվել եմ և մինչ այս: Ուրախ եմ, որ հիմա դա նաև կանեմ օֆիցիալ կերպով։ Փորձում եմ ամեն բան համատեղել՝ աշխատանքս և երգարվեստը: Զբաղվում եմ պրոդյուսերությամբ եւ շնորհակալ եմ, որ ՊանԱրմենիա Մեդիա գրուպը վստահեց այս աշխատանքը ինձ և տվեց հնարավորություն լինել այս մեծ թիմի մի մասնիկը:

- Սոֆի, դու այն երգչուհիներից  ես ով շատ հմտորեն կարողանում է թաքցնել իր անձնական կյանքը, չնայած վերջերս խոսակցություններ կային, որ դու գտել ես քո երկրորդ կեսին:

Իզուր չէ դա «անձնական» կոչվում: Ճիշտ է՝ մենք անընդհատ հասարակության աչքի առաջ ենք, բայց մենք էլ ենք ուզում ունենալ մեր անձնականը: Անձնականիս մասին խոսել չեմ սիրում։ Այս պահին միայն կասեմ՝ երբ ամեն ինչ արդեն պաշտոնական լինի, անպայման, ինչպես բազմիցս ասել եմ, տեղյակ կպահեմ։

- Այսինք դու չե՞ս հերքում, որ քո կյանքումդ անձնական փոփոխություն կա:

- Կժպտամ ուղղակի:)

- Մի անգամ ասել էիր, որ հանուն ընտանիքի պատրաստ ես կարիերադ զոհել: Ոչինչ չի փոխվե՞լ, դեռ նույն կարծիքին ե՞ս:

- Այո՛: Եթե ընտանիք կամ կարիերա թեման երբևէ քննարկվի, միանշանակ կընտրեմ ընտանիքը, քանի որ օրերից մի օր ամեն ինչ վերջանում է, և մնում է միայն ընտանեկան ջերմությունը։ Իմ ընտանիքի մոդելով կասեմ, երբ տուն ես մտնում, ստանում ես մի այնպիսի ջերմություն, որը երբեք ոչ մի բանի հետ չես փոխի: Բայց և վերջում ուզում եմ մի կարևոր բան նշել, որ յուրաքանչյուր անհատի ընտրյալ պետք է հասկանա, որ սիրելիին սահմանափակելով, նա ինչ-որ չափով կորցնում է այն մարդուն, ում ճանաչել ու սիրել է:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: