Latest 10 episodes

«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական փոփոխված կազմ կունենա

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: «Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմին միացել են ևս երկու սիրված հաղորդավարներ: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթեն հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը:  Հաղորդավարները նորացված տաղավարից կներկայացնեն մշակութային, կրթական և հասարակական անցուդարձը, կհյուրընկալեն հետաքրքիր անձանց ու կպատմեն կարևոր իրադարձությունների մասին:

Էրիկ Անթառանյանը, ում քաջածանոթ է հայ հեռուստադիտողը, իր հեռուստատեսային գործունեության ընթացքում երբևէ առիթ չի ունեցել աշխատելու առավոտյան եթերի ձևաչափում:  «Հիմա միացել եմ «Առավոտ լուսո»-ի թիմին՝ ուղիղ եթերի ռիթմի ակնկալիքով: Չափազանց ուրախ եմ, որ տաղավարում աշխատելու եմ Թինա Խաչատրյանի հետ, ում շուրջ 18 տարի է՝ ճանաչում եմ: Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում փորձելու եմ ներկայացնել նաև լրագրողական պրպտումներս՝ արդեն տեսանյութերի միջոցով»,- նշում է Էրիկ Անթառանյանը՝ վստահություն հայտնելով, որ առավոտյան եթերի ձևաչափը հնարավորություն կտա վերափոխելու ոչ միայն աշխատանքային, այլև ողջ օրվա գրաֆիկը:

Թինա Խաչատրյանի համար «Առավոտ լուսո»-ն կլինի յուրատեսակ վերադարձ Հանրային հեռուստաընկերություն: Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողները, վստահաբար, Թինային կհիշեն «Բոնուս», «Բաց նախագիծ» ծրագրերից, իսկ այժմ՝ 9 տարի ընդմիջումից հետո, նա եթերում օրվա դրական մեկնարկն է ազդարարելու: «Հանրային հեռուստաընկերությունում ինձ լիարժեք ու ներդաշնակ եմ զգում: Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ հեռուստաալիքում աշխատելիս: Երբ բավական երկար դադարից հետո մոտեցա հեռուստաընկերության շենքին, ներսումս սիրուն, հաճելի ու դրական զգացողություններն իրար միախառնվեցին: Առավելագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս ու սիրով սպասում այն րոպեին, երբ հեռուստադիտողներին առաջին անգամ բարի լույս կասեմ»,-ասում է Թինա Խաչատրյանը՝ ուրախությամբ նշելով, որ Էրիկի հետ եթերում աշխատելը հետաքրքիր փորձ կլինի իր համար: 

Իսկ ահա «Առավոտ լուսո»-ի հնաբնակներ Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը անհամբերությամբ սպասում են նոր եթերաշրջանի մեկնարկին: Արման Մարգարյանի խոսքերով՝  ամեն առավոտ դրական լիցքեր եւ առավելագույնս բարձր տրամադրություն եթերից փոխանցելը նույնքան դրական է ազդում նաեւ իր առօրյայի ու գործունեության վրա. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքն է գործում (ծիծաղում է): «Ուրախ եմ, որ մի քանի օրից նորից լինելու եմ եթերում գործընկերներիս հետ: Հուսամ՝ հետաքրքիր թեմաների և ինքնատիպ հյուրերի պակաս չի լինի»,- նշում է Արման Մարգարյանը:

Հերմինե Ստեփանյանի համար էլ յուրաքանչյուր նոր եթերաշրջանի մեկնարկ տարբերվող է և խորհրդանշում է նորի սկիզբ բոլոր ոլորտներում՝ աշխատանքային, ստեղծագործական, ինչու չէ՝ նաև անձնական: «Սիրում եմ «Առավոտ լուսո»-ն, հետաքրքիր ռիթմը, ուղիղ եթերի պարտադրած էքստրեմալ իրավիճակները: Ուրախ եմ, որ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը մեր հեռուստադիտողներին նոր ծրագրով են ներկայանալու, իսկ ընկերներ և կոլեգաներ Էրիկին և Թինային սիրով ասում եմ՝ բարի գալուստ  «Առավոտ լուսո»,- նշում է Հերմինե Ստեփանյանը:

 

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը:

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով`  սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: «Առավոտ լուսո»-ի ընթացքում հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, ներկայացնել հայկական ծեսերն ու պարերը, գյուղական առավոտն ու գյուղացու աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալու մեր կողքին ապրող հերոսների ու  հայրենիքում նոր կյանք գտած սփյուռքահայ հայրենակիցների հետ, ծանոթանալու քաղաքացու իրավունքներին և հետամուտ լինելու դրանց կիրառմանը:  «Առավոտ լուսո»-ի թիմը չի մոռացել նաև ձեր առողջության մասին. «Եթե ցավում է» խորագիրը կրող էջը ձեզ կօգնի անելանելի իրավիճակներում, իսկ «Մթերքի միֆը»՝ վիտամինային սնունդ ընտրելիս:

«Առավոտ լուսո»-ն  անակնկալ է պատրաստել նաև փոքրիկների համար. այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր Առաջինի եթերում կլինեն հետաքրքիր, գունագեղ ու ուսուցանող մուլտֆիլմեր:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության 60-րդ հոբելյանական աշնանային եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, որով և կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետևյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր և ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաև արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով:

Today's most read news !
  • Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
  • «Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան
  • Մխիթարյանը վատառողջ է
  • Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը նախատեսում են 2 մլն դոլար արժեցող հարսանիք
  • Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին և ազգականը
  • Նորաձևության քննադատները Քանյե Ուեսթի նոր հավաքածուն «աղբ» են կոչել
  • Խորեն Լևոնյանը «Երգ երգոց»–ի 7-ամյակի մասին
  • «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել». Սերժ Սարգսյանը՝ երկրապահներին
Comments