Մկրտիչ Արզումանյանի փորձությունները «Ռեստարտ 2020»-ում

Իսկ ի՞նչ կանեիք, եթե մենակ ապրեիք... «Ռեստարտ 2020» նախագծում Մկրտիչ Արզումանյանը հենց այսպիսի իրավիճակում է հայտնվում, միայն այն տարբերությամբ, որ նա ոչ թե տանն է մենակ, այլ մոլորակի վրա։ «ATV»-ի նոր՝ գիտաֆանտաստիկ նախագիծը եթերում կլինի հոկտեմբերին։ Մինչ այդ նախագծի սցենարիստներից մեկը՝ Նարեկ Մարգարյանը, BlogNews

-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ է պատմել նոր նախագծի մասին՝ նշելով, որ պրոյեկտը «dramedy» ժանրում է։ «Ռեստարտ 2020»-ի սցենարի հեղինակները Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն են, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը։

«Նախագծի մտահղացումը եղել է  «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանինը։ Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում հնարավոր է նման բան անել, սակայն ստացվեց։ Իհարկե, մեզ համար գրելը հեշտ էր, կատարելն էր դժվար։ Շատ ռեժիսորների թվում էր, թե առաքելությունն անկատարելի է, սերիալի պայմաններում անհնար է նկարահանել աշխարհի վերջը, սակայն Հարութ Շատյանը չվախեցավ և շատ լավ կատարեց իր առջև դրված առաջադրանքը։ Միշտ թվացել է՝ Հայաստանում անհնար է նման մասշտաբի նախագիծ իրականացնել, բայց հիմա մոտենում ենք դրան։ Շատ որակով, տպավորիչ նկարահանումներ են արվել։ Ըստ էության՝ «Ռեստարտ 2020»-ը կատակերգություն է, որն ունի դրամայի էլեմենտներ»,- նշեց սցենարիստն ու հավելեց, որ առաջին քննարկման ժամանակ փորձել են հասկանալ, թե ով կարող է մարմնավորել հերոսին․ «Սա բարդ առաջադրանք է դերասանի համար։ Առաջին պատասխանատուներից մեկը Մկրտիչ Արզումանյանն էր, ով լիարժեք կարող է պահել հետաքրքրությունը»։

Մկրտիչ Արզումանյանն էլ նշեց, որ նախագիծը բարդ էր, բայց հետաքրքիր։ «Կան մարդիկ, որոնք երբևէ միայնակ չեն եղել և փորձում են դրա մեջ հետաքրքրություն փնտրել, բայց երբ մարդը միայնակ է մնում, չի կարողանում այդ ամենի մեջ դրական բան գտնել կամ զբաղմունք ունենալ։ Շատերը դա ցավագին են տանում, շատերը կարծում են, որ, միայնակ մնալով, շատ բաներ կանեն, բայց իրականում միայնակ մնալը վախենալու է, քանի որ ուշ թե շուտ այդ միայնակությունը դառնում է անհետաքրքիր։ Անդրանիկին պահում է մի ուժ՝ հավատը, որ նա մի օր կհանդիպի մեկ ուրիշի և միայնակ չի լինի։ Այդ ուժն է, որ նրան պահում է»,- ասաց Մկոն։

Դերասանն այս կերպարի համար մի շարք փորձություններ է անցել, մասնավորապես բարդ է եղել մորուքին համակերպվելը։ Մկոն պատմեց, որ իր համար իսկական տանջանք էր շոգ եղանակին անընդհատ մորուք ամրացնելը, սակայն նույնիսկ այդ պարագայում ինքն է առաջարկել, որ հերոսը չհրաժարվի մորուքից նույնիսկ կյանքում եղած փոփոխություններից հետո, քանի որ այն շատ կերպարային է Անդրանիկի համար։

Առաջարկն ընդունելիս Մկոյին հատկապես գրավել է այն փաստը, որ այսպիսի կերպարով չի ներկայացել։ «Պատասխանատու դեր է. երբեմն առարկաների հետ եմ սկսում խոսել։ Դերասանի համար նաև մեծ փորձ է և եթե ստացվում է, մեծ ուրախություն։ Այս ամենով նոր փորձություն եմ հաղթահարում»։

Նարեկը նկատեց, որ շատ բարդ նկարահանումներ են ունեցել. «Սցենարիստները սրիկայաբար մարդաշատ վայրեր էին ընտրել:) Նկարահանումների համար հնարավորինս պասիվ ժամեր էին ընտրվել, նաև տարբեր գերատեսչություններ են օգնել կազմակերպել աշխատանքները։ Խուսափել ենք հասարակական կարգը խախտելուց,  ճանապարհներ փակելուց»։

Հերոսին՝ Անդրանիկին, հաջողվո՞ւմ է ոչ միայն լքված Երևանում ապրել, այլև ճանապարհորդել ամբողջ աշխարհով, թե՞ ոչ, ինչպե՞ս է նրան հաջողվում միայնակ ապրել աշխարհում, ի՞նչ իրավիճակներում է հայտնվում նա մի երկրում, որտեղ ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ կարմիր գծեր, ո՛չ որևէ այլ սահմանափակում, հեռուստադիտողները կիմանան միայն նախագծի մեկնարկից հետո։ Ստեղծագործական թիմի անդամները հրաժարվում են սցենարական  բացահայտումներ անելուց, քանի որ սյուժեն կառուցված է անսպասելիության վրա։ Նրանք հրաժարվում են հայտնել նույնիսկ՝ հերոսը կգտնի՞ բախտակից ընկերների, թե՞ միայնակ կմնա այս աշխարհում։

«Դասական իմաստով սա սիթքոմ չի լինելու։ Ի տարբերություն սիթքոմի, որտեղ իրավիճակը սկսվում և ավարտվում է մի սերիայում, «Ռեստարտը» կառուցված է սերիալային սկզբունքով, սյուժեն այնպես է կառուցված, որ մարդիկ ցանկանան դիտել հաջորդ սերիան։ Սյուժետային գծերը չենք ուզում բացել, որպեսզի հետաքրքրությունը մնա։ Պատմության գծերը բացվելու են սերիաների ընթացքում։ Ամենամեծ  հարցն է՝ արդյոք այդ իրավիճակում նա կկարողանա ինչ-որ մեկին գտնել կամ դուրս գալ այդտեղից, թե ոչ»,- ասաց Նարեկը՝ հույս հայտնելով, որ հեռուստադիտողները կկիսեն իրենց հետաքրքրվածությունը նախագծի հանդեպ․ «Մենք շեշտը դրել ենք նախ հետաքրքիր, հետո միայն  ծիծաղելի պատմություն ունենալու վրա։ Այս ժանրը շատ ավելի հայտնի է արևմտյան երկրներում»։

«Ռեստարտ 2020»-ում մեծ քանակությամբ գրաֆիկա է օգտագործված, որը կարող է հետաքրքրել նաև երեխաներին, սակայն նախագիծը մեծերի համար է նախատեսված։ Ըստ Նարեկի՝ ունեն 16+ թեմաներ, սակայն գռեհիկ հումոր չեն արել։

Աշխարհի վերջի մասին իրականությանը մոտ պատկերացումներ ունենալու համար սցենարիստները խորհրդակցել են տարբեր ոլորտների մասնագետների հետ։

Անոնսում երեխաների խոսեցնելը ևս պատահական չէր։ «Երբ մտածում էինք՝ ինչ կանեինք Երևանում, եթե մենակ լինեինք, մտքերը գնում էին դեպի մանկական հիշողություններ։ Այս դեպքում երեխաները շատ ներդաշնակ էին նախագծին. իրենց ասածները հիմնականում համընկնում էին մեր մտքերին»,- ասաց Նարեկն ու կես կատակ նկատեց, որ փոքրիկները նոր մտահղացումներ էլ են տվել հաջորդ եթերաշրջանի համար։

Նկարահանումներն արդեն ավարտվել են, նախագիծն այժմ հետարտադրական փուլում է։ Նախագիծը բաղկացած է 24 մասից, եթերում կլինի կլինի շաբաթը 2 օր։ Ստեղծագործական թիմն արդեն իսկ մտածում է 2-րդ սեզոնի մասին։

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...