Հայկ Մարությանը՝ «Ազիզյանների» ընտանեկան խնդիրների մասին

Հայկ Մարությանը վերադառնում է եթեր «Ազիզյանները» հումորային նախագծով: Սիթքոմը հոկտեմբերի 31-ից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում TV»-ով եւ հասանելի կլինի «Յուքոմ» ցանցի բաժանորդներին. «Հեռուստատեսային դադարս ավելի շատ կապված էր ֆինանսի հետ, այսինքն՝ ուզում էինք պատշաճ տաղավար, տեխնիկա: Կփորձենք որակյալ արտադրանք ստեղծել»,-նշել է նա:



Ընտանեկան սիթքոմի գլխավոր դերակատարը հենց Հայկն է, որը մարմնավորում է Գառնիկ Ազիզյանին: Դերասանական կազմում են նաեւ Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլք: 

Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը հագուստի խանութի վաճառող է, որի կինը ծուլանում է անգամ տնային տնտեսուհու գործերն անել.«Հայկական շատ ընտանիքների պես աշխատողը միայն հայրն է: Նա ողջ օրը տանջվում է, ծայրը ծայրին հասցնում, իսկ մյուսները շռայլորեն ծախսում են: Երեք երեխաներին հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը թիթիզ է, ողջ օրը սոցցանցերում է, մեծ տղան չի սովորում ու չի աշխատում, փոքր տղան դպրոցական է: Իմ կերպարը նման է այն լավ հայրերին, որոնք մտածում են ընտանիքի մասին, բայց դժգոհ են, թե ինչպես է փողը ծախսվում: Բնականաբար, հոր եւ մյուսների միջեւ միշտ կոնֆլիկտ կա»: 

Հայկի խոսքով՝ սիթքոմը ստեղծելիս ոգեշնչվել է ամերիկյան իր սիրելի սիթքոմներից մեկից.«Պատանեկության տարիներին հաճույքով դիտում էինք, եւ միշտ երազել եմ նման բան ստեղծել հայկական ընտանիքի մոտիվներով: Սցենարը նոր է գրված, իսկ այն 1980-ականների ամերիկյան ընտանիքի մասին է: Միայն միտքն է վերցված, որ հայրն աշխատում է, մյուսները՝ ծախսում: Առ այսօր հաճույքով դիտում եմ, չնայած՝ այդ հումորներն ու թեմաներն արդեն հին են»:


Հայկ Մարությանը

Սիթքոմի պրոդյուսերներն են Հայկ Մարությանն ու եղբայրը՝ Արման Մարությանը, որը նաեւ ռեժիսորն է.«Դերասանների քասթինգով մեծ մասամբ զբաղվել է Արմանը, իհարկե, կողքից մասնակցել եմ: Բավական երկար ենք ընտրել, ամենափոքրիկին վերջերս ենք գտել: Ամենադժվար մասը երեխաների հետ է կապված, բայց մենք գոհ ենք մեր ընտրությունից»:

BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ սիթքոմը մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի, իսկ թե երբ հասանելի կլինի համացանցում, դեռ պարզ չէ.«Մեր պայմանագիրը «Արմենիա»-ի հետ է: Մենք արտադրում ենք ու մեր արտադրանքը վաճառում. բիզնես է, իսկ հեռարձակելն արդեն գնորդի գործառույթն է: Այդ հարցն ինձ մոտ էլ առաջացել է, բայց իմ գործառույթը չէ: Իմ ընտանիքը կամ ընկերներս չգիտեմ՝ ինչպես են դիտելու, որովհետեւ մենք էլ «Յուքոմ»-ի բաժանորդ չենք: Ես էլ սպասում եմ, թե հետո ինչպես է լինելու ցուցադրությունը»:

Հայկ Մարությանը վերջերս նկարահանվել է նաեւ ռուսական «Счастья! Здоровья!» կինոկատակերգությունում: Նրա փոխանցմամբ՝ պրեմիերան նախատեսված էր այս աշնանը, բայց կտեղափոխվի հաջորդ տարի գարնանը կամ աշնանը.«Հայ-ռուսական նախագիծ է, ավելի շուտ Ռուսաստանի համար է, քանի որ ռուսերեն լեզվով է: Կցուցադրվի ԱՊՀ երկրների կինոթատրոններում: Ես նաեւ համապրոդյուսեր եմ, քննարկում ենք, թե ինչպես ենք Հայաստանում կազմակերպելու ցուցադրումները, եւ եթե մենք չկազմակերպենք, ռուսական կողմը կանի»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
  • Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել
Comments

Name: