Տղամարդը պետք է ամեն օր աշխատի, որպեսզի իր ծնողներին ու ընկերուհու-ընկերների համար ստեղծի բարեկեցիկ կյանք. Սոս Ջանիբեկյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սոս Ջանիբեկյանը, ով վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Դոմինո» սիթքոմում Միկայի կերպարով:

Մեզ հետ զրույցում դերասանը նախ նշեց, որ սիթքոմի երրրորդ եթերաշրջանն իրեն ամենաշատն է դուր գալիս.

«Արդեն կարելի է ասել, որ «Դոմինո»-ի երրորդ եթերաշրջանն իմ ամենասիրելին է դարձել թե սցենարային պատմությամբ, թե իմ կերպարի զարգացումներով: Այս եթերաշրջանը հատկապես սիրելի դարձավ ինձ համար, քանի որ հիմա սցենարային կառուցավծը կազմված է ավելի շատ կինոյի լեզվին մոտ օրենքներով: Ինչ վերաբերվում է կերպարիս` հիմա Միկան բիզնեսմեն է, բայց ինչպես արդեն հայտնի է` կրկին փորձանքներից հեռու չէ: Այս անգամ գլխավոր նպատակը Միկային ամուսնացնելն է, որպեսզի նա կարողանա իրեն թողնված կտակին տեր դառնա: Առջեւում սպասվում են շատ ծիծաղելի ու հետաքրքիր զարգացումներ»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչո՞ւ Միկայի բնավորությունը չի փոխվել անգամ բիզնեսմեն դառնալուց հետո, պատասխանեց.

«Միկայի բնավորությունն ունեցող շատ ընկերներ ունեմ, նրանց պարագայում միշտ հետեւյալ` շատ օգտագործված խոսքն է  հատուկ`«Ամեն ինչ կփոխվի, բայց էս տղային ոչ մի բան չի փոխի»»:

Միկան չփոխվող տեսակ է, բայց այ Սոսն իրեն իրական կյանքում այդպիսին չի համարում.

«Ես տարիների հետ փոխվում եմ, ամեն օր փորձում եմ նախորդ օրից ավելի լավը լինել, փորձում եմ հնարավորինս լավ գործեր անել եւ ձգտում եմ բարությանն ու կատարելությանը»,- նշեց նա:

Անդրադառնալով «Ցանկալի փեսացուն» նախագծին, Սոսը պատմեց.

«Սա շատ բարդ նախագիծ է ու հնարավոր է այնքան էլ Հայաստանի համար չէ: Ինձ շատ դժվար է նեղացնել ու հրաժեշտ տալ աղջիկների, ովքեր, հաշվի առնելով հայկական կարծրատիպային մտածելակերպը, միեւնույն է, եկել են քեզ համար, գուցե նաեւ ուղղակի նախագծին մասնակցելու համար: Ինչեւէ, կարծում եմ նախագիծը կայացած կհամարվի»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ նախագիծը Հայաստանի համար չէ, Սոսը պատասխանեց.

«Հնարավոր է, որ այս շոուն Հայաստանի համար չէ, որովհետեւ մեր երկիրը փոքր է, մայրաքաղաքն` առավել եւս: Կարծես թե բոլորը բոլորին գիտեն, բացի այդ անմիջականությունն ու խիզախությունը մեզ մոտ մի տեսակ քնած է, ինչ-որ մեկի եղբայրը քրոջը չի թողնում, որ մասնակցի նման հաղորդման, ինչ-որ աղջիկ ասում է` «Դե լավ ով ա Սոսը, որ իրա համար գնամ մասնակցեմ», ինչ-որ մեկն ուղղակի կամաչի: Ի դեպ` այս հաղորդումն ինձ մի կարեւոր բան հասկացրեց` քանի որ իմ կյանքում միշտ աղջիկներն են ինձ հրաժեշտ տվել, անընդհատ մտածում էի, որ իմ դիրքն ավելի վատն է, ես մերժվածի դերում էի, բայց այս հաղորդման շրջանակում հասկացա, որ հրաժեշտ տվողի դիրքը եւս շատ ցավոտ է»:

Սոս Ջանիբեկյանին վերջին տարիներին հաճախ ենք տեսնում եթերում, հետաքրքրվելով, թե բացի արդեն հայտնի նախագծերից հեռուստադիտողը էլ ի՞նչ աշխատանքում կարող է տեսնել նրան, դերասանը պատասխանեց.

«Այսօր գտնվում եմ կոմերցիոն ստեղծագործական շրջանում, բայց միշտ փորձել եմ լինել բարձր արժեքի արվեստի գործերում եւս: Վերջերս մի բան հասկացա` այնպես չէ, որ հիմա Հայաստանում Փելեշյան կամ Փարաջանով ունենք ու ես էլ չընտրելով դա` գնացել եմ կոմերցիոն ճանապարհով. Այսօր բարձր արժեքի արվեստում չկա այնպիսի որակ, որից ես կտխրեմ ու կասեմ` ափսոս, որ ես միայն կոմերցիոն դաշտում եմ: Լավ սիթքոմը, լավ ռեալիթի շոուն ու լավ հեռուստասերիալը որքան էլ համարվեն կինեմատոգրաֆիայի ցածրարժեք ճյուղեր, միեւնույն է ավելի լավն են, քան վատ ներկայացումը, վատ գեղարվեստական ֆիլմն ու վատ փառատոնային հայկական ֆիլմերը: Ի վերջո` ես ունեի երկու ընտրություն` սպասել այն աշխատանքին, որտեղ որպես արվեստագետ լիարժեք կլինեմ, ու կորցնեմ մասնագետի ամենօրյա աշխատանքը, հետեւաբար գումար վաստակելու հնարավորությունը: Այսօր ես փորձել եմ այս երկուսը համատեղել, որովհետեւ տղամարդը պետք է ամեն օր աշխատի, որպեսզի իր ծնողներին ու ընկերուհու-ընկերների համար ստեղծի բարեկեցիկ կյանք: Կարծում եմ` աշխատող տղամարդը ավելի կառուցողական նպատակներ ունի, քան այն տղամարդը, ով տանը նստած, մորուքը երկար, սուրճը բերանին չորացած ու մեկ-մեկ էլ ռուսերեն բառեր արտահայտելով սպասում է բարձր արժեքի արվեստին»:

Today's most read news !
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
Comments
Loading...