Արտյոմ եւ Յուլիա` Ամուսնություն «հաշվարկով» կամ հայ-գերմանական երջանկություն

Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու նրա գեղեցկուհի կինը՝ դերասանուհի Յուլիա Ֆինկը, ութ տարի մեկ հարկի տակ ապրելով, այսօր արդեն համատեղում են նաեւ աշխատանքը: Թե ինչու է ամուսինների առավոտը սկսվում վեճով, ինչ են հյուրասիրում ընկերներին ձմռանը, երբ են նախատեսում ծնողներ դառնալ, ինչ հանդիպման են հուզմունքով սպասում, բացահայտում է BRAVO.am-ը:

Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը


Առավոտը սկսվում է վեճով

Արտյոմ. Առավոտը սկսվում է վեճով, թե մեզնից ով է սուրճը եփելու:

Յուլիա. Չեմ ծուլանում, բայց քանի որ իմ եփած սուրճը չեմ հավանում, միշտ խնդրում եմ, որ Արտյոմն այն պատրաստի:

Արտյոմ. Յուլիան «կաշառում է» ինձ գեղեցիկ խոսքերով: Ամեն անգամ ասում է, որ համեղ սուրճ եմ պատրաստում, եւ ես զիջում եմ: 

Յուլիա. Առհասարակ, ընտանեկան վեճերը հարթողն ու առաջին քայլ անողն Արտյոմն է: Ես չեմ սիրում վիճել, իսկ Արտյոմը բնույթով առավել էմոցիոնալ է, սիրում է ծավալվել, ու քանի որ բնավորությամբ խռովկան եմ, ուշ եմ հաշտվում: Նա շուտ է մոռանում վեճը, իսկ ինձ ժամանակ է պետք: Արտյոմը հիշաչար չէ: Չեմ հիշում այնպիսի դեպք, որ մեկ օրվանից ավելի խռով մնանք: Նեղացած լինելով հանդերձ` չեմ կարող չխոսել Արտյոմի հետ, սիրտս չի տանի:

Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը


Համատեղ կյանքի ընթացքում…

Արտյոմ. Յուլիայից սովորել եմ գերպատասխանատվություն (Յուլիան գերմանական արմատներ ունի-հեղ.), ներողամտություն: Ես շատ շուտ եմ բռնկվում, «փոքրիկ վրեժիկների» (ծիծաղում է-հեղ.) սցենարներ եմ մտքումս նախագծում, մի խոսքով՝ շտապում եմ, իսկ Յուլիան այդպիսին չէ, կարծում եմ` ավելի սառն է դատում: Երբեմն հումորով ասում եմ` իր հետ հաշվարկով եմ ամուսնացել, քանի որ շատ չափանիշներով համապատասխանում է իմ բարձր պահանաջներին(ծիծաղում է-հեղ.), նա էլ երբեմն խոսքերս լուրջ է ընդունում:

Յուլիա. Առ այսօր ես սովորում եմ Արտյոմից որոշ հարցերի ավելի թեթեւ նայել: Սովորել եմ ստեղծագործաբար մոտենալ գրեթե բոլոր հարցերին: Սիրում ենք միասին նվերներ ընտրել եւ մատուցել, բայց այնպիսի նվերներ, որոնք կզարմացնեն ու կհուզեն մեր հարազատներին եւ ընկերներին, իսկ դրա համար հաշվի ենք առնում նրանց բնավորության գծերը, անհատական հատկանիշները: Մի խոսքով՝ փորձում ենք զարմացնել ավելի շատ գաղափարով, քան նվերի արժեքով:

Եվ, հատկապես, աշխատում եմ քաղել առավելագույնը մասնագիտական առումով: Կարծում եմ՝ իր գործում պրոֆեսիոնալի հետ ապրելը լավ շանս է(ծիծաղում է-հեղ.) հաղորդավարական հմտությունները յուրացնելու համար: Հասկանում եմ, որ, լինելով դերասանուհի, պիտի հղկվեմ հաղորդավարի կարգավիճակում: Հետաքրքիր է, որ մասնագիտական թեմաները, որպես կանոն, աշխատանքից հետո տեղափոխվում են նաեւ մեր տուն: Արտյոմը խիստ է ու պահանջկոտ:

Արտյոմ. Ինձ համար անհնարին ոչինչ չկա: Եթե կան լավ տվյալներ, փորձի եւ հմտությունների պակասը, մեծ ցանկության եւ աշխատասիրության դեպքում, կլրացվեն:

Արտյոմ Կարապետյանը եւ Յուլիա Ֆինկը


Ընտանեկան ավանդույթներ, երազանքներ, նպատակներ

Արտյոմ. Մենք մի այսպիսի ավանդույթ ենք ձեւավորել` մեր ծննդյան տարեդարձերը նշում ենք արտասահմանում: Քանի որ ճամփորդել շատ ենք սիրում, փորձում ենք առիթների դեպքում ինքներս մեզ ուղեւորություններ նվիրել:

Յուլիա. Ավանդույթներ, առհասարակ, շատ եմ սիրում եւ դա իմ ընտանիքից եմ սովորել. գերմանացիները նույնպես սիրում են պահպանել ավանդույթները: Սիրում եմ բոլոր իրադարձությունները գեղեցիկ ձեւով նշել: Մի հետաքրքիր ու պարտադիր ավանդույթ ունենք ձեւավորած. երբ եղանակը ցրտում է, մեր բոլոր ընկերներին հրավիրում ենք սոլյանկա, բորշչ ուտելու՝ ուկրաինական ավանդական բոլոր ատրիբուտներով, նաեւ ուզբեկական փլավ: Քանի որ պատրաստել շատ եմ սիրում, եւ երկուսս էլ գուրման ենք, երազում եմ փոքրիկ ռեստորան ունենալ, որտեղ համեղ ու յուրահատուկ ճաշատեսակներ կմատուցվեն:

Արտյոմ. Ես տանն եմ կշտանում, ուստի պարտադիր գոնե ընթրում ենք տանը: Սիրում եմ Յուլիայի պատրաստած բոլոր ճաշատեսակները. մայրիկիս գրեթե չի զիջում: Պատրաստման ձեռագիրը, մոտեցումը երկուսինն էլ նույնն է: Գուցե Յուլիան մի փոքր նորություն բերեց մեր ընտանեկան խոհանոց, քանի որ տարբեր ազգերի ճաշատեսակներն իր մոտ ավելի շատ են՝ գերմանական, ռուսական, արեւելյան, բելառուսական… Ճիշտն ասած՝ ճաշատեսակներ կան, որ մայրիկիս պատրաստածի համին չեն հասնում, աշխատելու տեղ կա, բայց վստահ եմ՝ կստացվի մի օր:): 

Կնոջս` ռեստորան ունենալու երազանքը դարձել է համատեղ նպատակ: Ինձ համար կարեւոր է` երբ Յուլիան որեւէ բան է ուզում, կարողանամ օգնել այդ հարցում: Իմ երազանքը մեկն է՝ ճամփորդել ու բացահայտել տարբեր մշակույթներ, սիրում եմ լուսանկարել հատկապես մարդկանց. նրանք շատ հետաքրքիր են եւ կարող են շատ բան պատմել այն երկրի կամ քաղաքի մասին, որտեղ ապրում են, սակայն ինձ համար հիմա ավելի կարեւոր են Յուլիայի երազանքները: Կնոջս երազանքներն ինձ համար ապրելու խթան են:

Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը


«Ուզում ենք երկվորյակ ունենալ»

Արտյոմ. Քանի որ 7 թիվը շատ ենք սիրում, պլանավորում ենք 2017 թվականին մեր ընտանիքը համալրել: Մինչ այս պահը, եթե անգամ կասկածներ ենք ունեցել, ապա բոլորը փարատվել են, եւ մեզ խանգարող ոչինչ չկա: Ընդ որում, երկվորյակ ենք ուզում ունենալ: Մեր հարազատները, հատկապես հայրս, մեզնից տղա են ակնկալում, քանի որ ընտանիքում բոլորն աղջիկներ են ունենում, եւ այդ պատասխանատվությունն իմ եւ Յուլիայի վրա է: Եթե տղա ունենանք, հորս անունով եմ կոչելու՝ Մուշեղ, բայց ինչպես կստացվի, կարեւորը՝ առողջ երեխա լինի:

Սպասված հանդիպում

Արտյոմ. Ծնողներիս 15 տարի չեմ տեսել եւ վաղուց արդեն հանդիպելու ժամանակն է: Հանգամանքների բերումով ծնողներս բնակվում են ԱՄՆ-ում: 15 տարի առաջ թվում էր՝ մեր բաժանումը երկար չի տեւի, բայց այս անսպասելի կանգառը տեւեց տարիներ: Չեմ պատկերացնում, թե ինչ եմ զգալու հանդիպման պահին, միշտ մտածել եմ այդ մասին` կուրախանամ, կհուզվեմ, թե կտխրեմ… Ինձ թվում է` բոլոր հույզերը կմիախառնվեն…

Արտյոմ Կարապետյանը եւ Յուլիա Ֆինկը


Յուլիա. Ես երբեւէ չտեսնելով Արտյոմի ծնողներին, բայց գրեթե ամեն օր լսելով նրանց ձայնը, նույն ապրումներն եմ ունենում, ինչ Արտյոմը: Ես էլ անհամբեր սպասում եմ այդ հանդիպմանը, վստահ եմ՝ մեր հարաբերություններն իրական շփումից հետո էլ նույն ջերմությամբ կշարունակվեն: Հիշում եմ, երբ Արտյոմն ինձ առաջարկություն արեց, մտածում էի` ինչպես են նրա ծնողներն ինձ ընդունելու: Երկար չսպասեցի. նրանք, ինձ ընդհանրապես չճանաչելով, հեռախոսով մայրիկիցս խնդրեցին իմ ձեռքը: Սկզբում, բնական է, որ փորձում էին ինձ ճանաչել Արտյոմի միջոցով, հիմա ուզում եմ վստահ լինել, որ ինձ են ճանաչել: Հուսամ՝ կարողացել եմ դառնալ նրանց ընտանիքի անդամը` գտնվելով նրանցից հազարավոր կիլոմետրեր հեռու:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...