Latest 10 episodes

«Կարգին» Հայկոյի նոր սիթքոմի հետաքրքիր դրվագներն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից

«Կարգին» Հայկոյի երազանքների սիթքոմի՝ «Ազիզյանների» մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ ներկա ենք եղել սիթքոմի նկարահանումներին և մեր ընթերցողներին ենք ներկայացնում դերասանների պատմություններն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից։ Նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։

3 տարվա դադարից հետո Հայկ Մարությանն ու իր թիմն ի վերջո ստացան այն առաջարկը, որն ուզում էին։ Հայկից հետաքրքրվեցինք՝ ցանկալի ներդրումներով ստեղծված «Ազիզյանները» սիթքոմն ի՞նչ առավելություններ է ունենալու։ «Մենք ունենք նշաձող, որից ցածր երբեք ինչ-որ նախագիծ չենք անի։ Դրանք մինիմում պահանջներն են, որոնք «Արմենիա TV»-ն բավարարել է»,- ասաց Հայկն ու հավելեց, որ սիթքոմի նկարահանումները երկար ժամանակ ձգձգվում էին տաղավարի պատրաստման պատճառով։ «Շատ գոհ ենք տաղավարից։ Բավականին մեծ ներդրում է արվել, և շատ լավ տաղավար է ստացվել՝ այնպիսին, ինչպիսին ուզում էինք։ Շատ գոհ ենք նաև քասթինգից։ Բոլոր հիմնական դերասաններն արդարացրել են իրենց։ Ստացել ենք այն կերպարները, որոնք ուզում էինք»,- նշեց նա։

Դերասանն ընդգծեց, որ սիթքոմը հետաքրքիր կլինի նաև 30 տարեկանից բարձր մարդկանց համար։ «Քանի որ ես էլ, իմ շրջապատն էլ 30-ի շեմն անցել ենք, ուզում էի ստեղծել այնպիսի նախագիծ, որը մեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Դա չի նշանակում, որ այն անհետաքրքիր կլինի թինեյջերների համար։ Նախագիծը «6+» է։ Այնպես ենք արել, որ հետաքրքրի տարբեր տարիքային խմբի և  նախասիրությունների մարդկանց համար։ «Ազիզյանները» հումորի տեսանկյունից շատ հետաքրքիր կերպով ցույց են տալիս, թե հայ ընտանիքների մեծ մասն ինչպես է ապրում,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր հերոսը՝ Գառնիկը, գիշեր-ցերեկ աշխատում է, ընտանիքը շռայլորեն  ծախսում է գումարները։- Բնականաբար, նա բարկանում է, անընդհատ ներվային վիճակի մեջ է»։

Նախագծի համար Հայկը բեղեր է պահել։ Չնայած իրական կյանքում դա անհարմարություններ է պատճառում, դերասանը գերադասում է հարմարավետությունը նկարահանման հրապարկում։ «Դիմահարդարի հետ երկար կոնսուլտացիաներից հետո հասկացանք, որ ավելի լավ կլինի՝ բեղերը բնական լինեն։ Դա նաև իմ կոմֆորտի համար է, որովհետև նկարահանման հրապարակում բեղերը երբեմն պոկվում են ու շեղում։ Մի փոքր անհարմար է իրական կյանքում։ Մարդիկ չեն ճանաչում կամ ասում են՝ մեծացել ես, ծերացել։ Սիթքոմում մեզ հենց դա էլ պետք էր․ շատ եմ աշխատել, ծերացել եմ:)»,- նշեց դերասանը։

Հերոսի կնոջը մարմնավորում է Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն։ Դերասանուհին, ով հազվադեպ է երևում հեռուստատեսությունում, նշեց, որ այս նախագիծն իրեն գրավել է պրոֆեսիոնալիզմով։ «Ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ, բայց TV-ներ չեմ սիրում։ Թատրոն եմ սիրում, քանի որ հանդիսատեսի էներգիան, շփումը միանգամից զգում ես։ Այս նախագիծն ինձ հետաքրքրեց իր աշխատակազմով, սցենարով, ոչ շաբլոն հումորներով։ Իհարկե, Հայկոյի հետ աշխատելու հնարավորությունն էլ ինձ շատ դուր եկավ։ Կերպարս զարգացող է, ամեն սերիայում կարողանում եմ նոր բաներ գտնել նրա մեջ։ Ազիզյանների ընտանիքում բոլորն իրարից շատ տարբեր են, բայց մենք շատ ենք սիրում իրար։ Բոլոր ընտանիքիների նման ենք՝ ներսում կա բացասականը, վիճում ենք իրար հետ, բայց պատերից այն կողմ միշտ պաշտպանում ենք իրար»,- ասաց դերասանուհին։

Ընտանիքի կրտսերին՝ Լևոնչիկին մարմնավորում է 11-ամյա Ստեփան Հովհաննիսյանը։ Նա նկարահանվել է նաև «Շարմ հոլդինգի» կարճամետրաժ ֆիլմերից մեկում, հաճախել է թատերական խմբակ։ «Լևոնը խելացի երեխա է։ Երևի տան ամենախելացին է:) Ամենաշատը եղբորն է սիրում։ Երբեմն հիմարություններ է անում, որ ջղայնացնում է մամային ու պապային, սակայն փակագծերը չեմ բացի, թե ինչ հիմարություններ»,- մեծավարի պատասխանեց փոքրիկ դերասանը։

Ազիզյանների ընտանիքում ամեն կերպ փորձում են տեղավորվել հարևան Ռշտունիները։ Ընտանիքի տիկնոջը մարմնավորող դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նշեց, որ հերոսուհին շատ ուժեղ կին է։ «Այս կինն այնքան ուժեղ է, որ որոշումներն ինքն է կայացնում։ Ամուսինը լրիվ իր ազդեցության տակ է։ Իրականում ոչ մի կապ չունի ինձ հետ, սակայն դերասանի համար հեշտ ու դժվար դերեր չկան»,- ասաց դերասանուհին, ով ևս առաջին անգամ է նկարահանվում սիթքոմում։ Նա նկատեց, որ մինչև հիմա ունեցել է առաջարկներ, որոնք մերժել է, այս անգամ իրեն գրավել է թիմի պրոֆեսիոնալիզմը․ «Լարվածություն բացարձակ չկա։ Դա շատ կարևոր է, քանի որ դերասանը նուրբ էակ է, կախված է նյարդերից, պետք է նկարահանման հրապարակում լարվածություն չլինի, որպեսզի դա չերևա կադրում»։

Դերասան Սուրեն Առուստամյանն էլ մարմնավորում է Գառնիկի խանութի կնամոլ աշխատակցին։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր այս կերպարը, որովհետև շատ տարբեր է մինչև հիմա խաղացածս կերպարներից։ Շատ հաճելի է նաև, որ իմ անմիջական խաղընկերը Հայկ Մարությանն է, քանի որ շատ եմ կարևորում նկարահանման հրապարակում խաղընկերոջից եկող էներգիան։ Կարծում եմ՝ նախագիծը կհետաքրքրի հեռուստադիտողներին, քանի որ թիմում աշխատող յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Ծիծաղաշարժ պահերը շատ-շատ են։ Սցենարը կարդալիս հումորներն արդեն ծիծաղելի են։ Դա նշանակում է, որ տեսարաններով շատ ավելի ծիծաղելի են լինելու»,- ասաց Սուրենը։

Ի դեպ, Հայկ Մարությանը չի թաքցնում, որ սիթքոմի գաղափարը հղացել է «Married... with Children» ամերիկյան նախագծից։ «Դա իմ երիտասարդության ամենասիրելի սիթքոմներից է։ Մինչ օրս հաճույքով նայում եմ, թեև բավականին հին է։ Ես և իմ թիմը շատ ուրախ ենք, որ կարող ենք ստանալ հայկական ընտանիքի որակյալ պատմություն։ Միշտ երազել եմ, որ մի օր կարողանանք դրա նման մի բան անել, սակայն պատմել հայ ընտանիքի մասին։ Թեև մոտիվներն այս սիթքոմից են, սցենարը նոր է գրված։ Չէինք կարող կրկնօրինակել սցենարը, նախ, որովհետև այնտեղ ամերիկյան ընտանիք էր, երկրորդ՝ 1980-ականների։ Խոսքը բոլորովին տարբեր իրականությունների մասին է, պարզապես միտքը, որ հայրը աշխատում է, բոլորը ծախսում են, մեզ շատ է ոգևորել»,- եզրափակեց դերասանը։






















Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: