Latest 10 episodes

Ես ուզում եմ «ավանդական տղամարդ» ասվածը զգալ կողքիս. Աննա Խաչատրյան

Արդեն տևական ժամանակ է, ինչ երգչուհի Աննա Խաչատրյանը հանդես չի գալիս նոր աշխատանքներով և տեսահոլովակով: 

«Ստացվել է այնպես, որ այս պահին որպես այդպիսին ոչնչով զբաղված չեմ: Դեռ ամիսներ առաջ ցանկություն կար նոր տեսահոլովակ նկարահանելու, բայց հետո, չգիտես ինչու, փոշմանեցի: Սրանով հանդերձ, սակայն, իմ երգացանկը պարբերաբար թարմացվում է թե իմ սեփական երգերով և թե համաշխարհային հիթերի cover-ով: Այսինքն` այնպես էլ չէ, որ ոչինչ չեմ անում»,- իր լռությունն այսպես մեկնաբանեց Աննա Խաչատրյանը:

Երգչուհին իր լռությունը բացատրեց նաև ամիսներ առաջ հանդիսատեսի առջև որպես դերասանուհի ներկայանալու հանգամանքով.

«Երկար ժամանակ է, ինչ նկարահանվում էի «Վենդետտա» սերիալում, որը բոլորովին վերջերս է ավարտվել»,- ասաց երգչուհին` ավելացնելով. «Սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձն էր, որը, պետք է խոստովանեմ, ինձ շատ դուր եկավ: Նկարահանումները շատ հետաքրքիր էին անցնում, ինչպես նաև, ամենակարևորը, մասնագիտական առումով շատ բան սովորեցի, ինչը պայմանավորված էր խաղընկերներիս` մասնագիտությամբ դերասան լինելու փաստով»,- պատմեց Աննան:

Վերջինիս խոսքով` թեպետ ինքն արդեն հմտացել էր այս ասպարեզում, բայց դրանով հանդերձ, դեռ շատ բան ունի սովորելու:

«Սա նոր աշխարհ էր ինձ համար, մինչ այդ ինձ մոտ երբևէ նման փորձ չէր եղել: Որքանով ինձ մոտ ստացվեց որպես դերասանուհի ներկայանալը, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կարողացել եմ որոշ չափով արդարացնել սերիալի աշխատակազմի հույսերը, քանի որ եղել են դեպքեր, երբ փողոցում քայլելիս իմ հասցեին ոչ այդքան լավ արձագանքներ եմ լսել, ինչը կապված է եղել հերոսուհուս` Անուշիկի բացասական կերպար լինելու հետ»,- նշեց երգչուհին` ավելացնելով, որ եթե ապագայում կրկին առաջարկ ստանա որպես դերասանուհի ներկայանալու, հաճույքով կհամաձայնի:

Վերհիշելով անցած տարի ռուսական «Голос» նախագծի նախընտրական փուլում ելույթ ունենալու իր փորձը, որը անհաջողությամբ պսակվեց, երգչուհին չբացառեց կրկին իր մասնակցությունը նախագծի հաջորդ եթերաշրջաններից որևէ մեկում.

«Գիտեք, երբ հայտնվում ես այդ ամենի մեջ, հասկանում ես, որ այս նախագծին պատահական մարդիկ չեն կարող հայտնվել: Ինձ և Արամ MP3-ն կույր լսումների փուլ չկանչելն իրենք բացատրեցին այդ եթերաշրջանում մեծ թվով հայ մասնակիցներ լինելու հետ, բայց դա ընդամենը հորինվածք էր:  Չեմ կարծում, որ կրկին կփորձեմ մասնակցել «Голос»-ին, թեպետ ասեմ, որ ինձ մոտ գրեթե ամեն ինչը տրամադրությունից է կախված: Չեմ էլ բացառում, որ եթե այդ շրջանում տրամադրությունս շատ լավ լինի, գուցեև երկրորդ անգամ մասնակցեմ նախագծին»,- նշեց Աննա Խաչատրյանը:

Անդրադառնալով իր անձնական կյանքին` երգչուհին ասաց, որ այդ առումով իր մոտ որևէ նորություն չկա.

«Դեռևս հայտարարություն անել չեմ կարող: Ես դեռ նստած թախտին, սպասում եմ բախտին»,- կատակով նշեց Աննան:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է ինքը պատկերացնում իր կողքի տղամարդուն, երգչուհին պատասխանեց.

«Առաջին հերթին, նա պետք է այնպիսի մարդ լինի, որի հետ ցանկություն առաջանա շփվելու: Ես ուզում եմ նայել նրան և զգալ, որ նա լավ մարդ է, ես ուզում եմ ավանդական տղամարդ ասվածը զգալ կողքիս, այլ ոչ թե զգալ այնպիսի մեկի ներկայությունը, ով կնոջից ոչնչով չի տարբերվում: Ես պետք է վստահ լինեմ, որ այդ տղամարդու կողքին իմ մեջքը պինդ է, պետք է պաշտպանված զգամ ինձ: Գուցե իմ պատկերացումները այս հարցում փոքր ինչ այլ են, այդ պատճառով է, որ ես դեռ չեմ գտել նրան, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում»,- նշեց Աննան:

Զրույցի վերջում խոսելով իր հետագա անելիքների մասին` երգչուհին անկեղծացավ` նշելով, որ այդ ամենը կապված է նաև ֆինանսական միջոցների հետ.

«Անկեղծ կգտնվեմ և կխոստովանեմ, որ տեսահոլովակ նկարահանելու համար բացի համապատասխան երգ չլինելու խնդրից, կա նաև ֆինանսական խնդիր: Ես չեմ ցանկանում տեսահոլովակ նկարահանել այն ուրախ ռիթմերով երգերի հիման վրա, որոնք ես կատարում եմ տարբեր միջոցառումների ժամանակ` չնայած որ դրանք էլ շատ լավ երգեր են և բավական պրոֆեսիոնալ գործիքավորմամբ արված ստեղծագործություններ են: Այս պահին ցանկանում եմ որևէ լուրջ գործ անել, սակայն դեռ չեմ կարողանում գտնել ինձ համապատասխան մի բան»,- ասաց Աննա Խաչատրյանը:

Իսկ արդյոք իրեն որևէ միջոցառման հրավիրելը մատչելի՞ է, երգչուհին նախևառաջ բացառեց աստղաբաշխական թվեր ասվածը` նշելով, որ երբեք այդքան գումար չի պահանջել իր ելույթի դիմաց և առաջիկայում էլ չի պահանջի.

«Կարծում եմ, որ եթե մարդիկ ցանկություն ունեն ինձ իրենց խնջույքին տեսնելու և լսելու, ապա դա հնարավոր է, քանի որ ինչպես նշեցի, իմ ելույթի դիմաց երբեք շատ մեծ գումարներ չեմ պահանջել»,- իր խոսքը եզրափակեց երգչուհի Աննա Խաչատրյանը:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: