Գիտեի, որ տարին ինձ համար հաջող է լինելու ու փաստորեն չէի սխալվում. Մարիամ Ադամյան

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ադամյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է անցնող տարին ու խոսել է  2017-ից իր սպասելիքների մասին:
 
«Դեռեւս անցող տարեսկզբին ասել էի, որ 2016 թվականին սպասել էի ուղիղ 12 տարի, քանի որ ծնվել եմ կապիկի տարում: Գիտեի, որ տարին ինձ համար հաջող է լինելու ու փաստորեն չէի սխալվում: Բնականաբար, եղան բաներ, որոնք չհասցրի իրականացնել այս տարի, սակայն միանշանակ ձեռքբերումներս հաստատ ավելի շոշափելի ու մեծ էին: 2016-ին ինձ հետ կատարված ամենալավ իրադարձությունն այն էր, որ մորաքույր դարձա, հենց իմ տարում ծնվեց մեր կյանքի իմաստը, ով արտաքնապես շատ նման է ինձ: Ես շատ գոհ եմ իմ կապիկի տարուց, ինչին սպասում ու հավատում էի` կատարվեցին, կապիկն արդարացրեց սպասելիքներս»,- նշեց Մարիամ Ադամյանը:
2017-ի նկատմամբ սպասելիքների մասին խոսելիս Մարիամը նախ նշեց.
 
«Տարին անցնում է այնպես, ինչպես տրամադրվում ես, այնպես որ 2017-ի նկատմամբ էլ հաստատ մեծ սպասումներ կունենամ, որպեսզի նույն կերպ էլ անցնի: Ներքին վստահություն ունեմ, որ ամեն ինչ հրաշալի է լինելու, բացի այդ, հավատում եմ Նոր տարվա կախարդական գիշերվա երազանքներին, իմ կյանքում միշտ էլ այդպես է եղել` այդ գիշեր հետաքրքիր երազանքներ եմ պահում, որոնք մի հրաշքով իրականություն են դառնում տարվա ընթացքում: Նոր տարվա գիշերը իր խորհրդավորությամբ մի տեսակ տարբերվում է տարվա մնացած գիշերներից»:
Անդրադառնալով ցանկություններին` դերասանուհին շարունակեց.
 
«Առաջին հերթին ուզում եմ մասնագիտական մեծ աճ գրանցել, նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում ու խաղալ թատրոնում: Ուզում եմ գալիք տարում հետաքրքիր կերպարներ ստեղծել, որը թույլ կտա աշխատանքիցս հաճույք ստանալ: Իսկ անձնական կյանքի հետ կապված ես երազանքներ երբեք չեմ պահում, քանի որ հավատում եմ ի վերուստ կանխորոշված ճանապարհներին: Գիտեմ, եթե կյանքումդ պետք է լինի գլոբալ փոփոխություն, ուրեմն դա կլինի ինքնաբերաբար, եթե չպետք է դա իրականանա, ուրեմն ինչ էլ անես, մեկ է, չի իրականանալու: Ես հավատում եմ կես ասվածին, հավատում եմ, որ այս աշխարհում կա մեկն, ում հետ ներդաշնակ ես, ում հետ լրիվ ամբողջություն ես կազմում, իսկ այդ կեսի գալուստը մարդու պլանավորմամբ չի լինում, դա ինքնաբերաբար ու շատ անակնկալ է ստացվում: Վստահ եմ, որ ինձ հետ էլ այդ իրադարձությունը կկատարվի անսպասելի»:
 
Շատերի նման` Մարիամ Ադամյանի ընտանիքում Ամանորը անցկացնելու հատուկ ու անխախտ ավանդույթ կա.
«Ես շատ եմ սիրում Ամանորը, դա իմ ամենասիրելի տոնն է: Միաժամանակ, կարծում եմ, որ դա ամենաընտանեկան տոնն է: Մեր ընտանիքում ունենք անխախտ ավանդույթ` այդ օրը պետք է լինենք ողջ ընտանիքով ու Ամանորը նշենք մեր տանը: Իհարկե, ընկերների հետ եւս կարելի է անցկացնել, բայց տարին պետք է դիմավորել տանը` ամենաջերմ մթնոլորտում»,- պատմեց Մարիամը:
Մեզ հետ զրույցում երիտասարդ դերասանուհին պատմեց, որ տոնածառը դեռեւս չի հասցրել զարդարել, սակայն արդեն սկսել է նվերների գնման արարողությունը.
 
«Շատ եմ սիրում նվերներ ընտրել հարազատներիս համար: Այս տարի ամենակարեւոր մարդուկը քույրիկիս աղջիկն է, ում նվերների մասին շատ եմ մտածում: Անկեղծ ասած` դեռեւս ամռանից եմ սկսել նրա համար նվերներ գնել, մի տեսակ պատասխանատվություն ունեմ, որ իր առաջին Նոր տարվան ամեն ինչ անեմ, որպեսզի հիշարժան լինի»,- հավելեց Մարիամ Ադամյանը:
Իսկ վերջում դերասանուհին իր բարեմաղթանքները հղեց բոլորին.
«Ուզում եմ, որպեսզի գալիք տարում աշխարհի բոլոր մարդկանց երազանքները կատարվեն, թող որ իսկապես իրականանան բոլոր բոլորի ամենաթաքուն ցանկությունները: Ես իմ հանդիսատեսին շատ եմ սիրում, բոլորին նախապես շնորհավորում եմ ու հայտնում շնորհակալությունս»,- ավարտեց դերասանուհին:
Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: