Ripsy May. հայկական նոր անուն երաժշտական աշխարհում

Յուրօրինակ ձայնով ու հայկական արմատներով Հռիփսիմե Բաբաջանյանն աշխարհին ներկայանում է որպես Ռիփսի Մե (Ripsy May): 25-ամյա երգչուհուն երգերն ու տեսահոլովակներն առանձնանում են իրենց ինքնատիպությամբ ու էսթետիկ գեղեցկությամբ: Այստեղ նրան քչերը գիտեն. Ռիփսին ծնվել է Ռիգայում, այնուհետեւ կարճ ժամանակով տեղափոխվել է Նյու Յորք, իսկ ավելի ուշ ընտանիքի հետ շրջել է ամբողջ աշխարհով: Վերջապես տեղափոխվել են Անգլիա` ապրելով մի տարի Օքսֆորդում, մի տարի Քեմբրիջում (ծնողներն այդ տարիներին սովորել են), իսկ դրանից հետո Հարավային Անգլիա, որտեղ էլ երգչուհին մեծացել է: Հռիփսիմեի ե՛ւ մայրը, ե՛ւ հայրը հայ են: Մայրը Ստեփանակերտից է, իսկ հայրը` Երեւանից: BRAVO.am բացառիկ զրույց է ունեցել երգչուհու հետ` խոսելով նրա հայկական արմատների, երաժշտական կարիերայի, հայրենիք այցերի ու Փարաջանովից ոգեշնչված լինելու մասին:

Ռիփսի Մեն


-Ինչո՞ւ Ռիփսի Մե:

-Իմ իրական անունը Հռիփսիմե է: Մարդիկ դժվարությամբ էին արտասանում այն: 16 տարեկանից բաժանեցի անունս` «Ռիփսի Մե»-ի, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ արտաբերել: Այդպես էլ անունս մնաց Ռիփսի Մե, սակայն երբեմն ցանկանում եմ կրկին Հռիփսիմե կոչվել:

-Ինչի՞ց սկսվեց Ձեր երաժշտական կարիերան:

-Սկսել եմ մի քանի տարի առաջ, երբ տեղափոխվեցի Լոս Անջելես: Մինչեւ այդ սովորում էի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որից հետո Նյու Յորքի դերասանական ստուդիայի մագիստրատուրայում սովորելու հնարավորություն ստացա: Ես միշտ երաժշտության մեջ եմ եղել, ինքս իմ համար ստեղծագործում էի, մի քանի բենդի անդամ եմ եղել, սակայն իրադարձությունների խելահեղ շրջադարձից հետո հայտնվեցի Լոս Անջելեսում: Ոչ մեկին չէի ճանաչում, նույնիսկ ապրելու տեղ չունեի: Ամեն ինչ նորից զրոյից սկսեցի: Մեկ ամիս անց սկսեցի աշխատել երաժշտական պրոդյուսերի հետ, այնուհետեւ իմ կյանքում տարբեր մարդիկ հայտնվեցին, ովքեր զարգացրին իմ կարողությունները: Ես սովորեցի ամեն ինչ երաժշտական տարբեր ուղղությունների եւ դրանց ստեղծման մասին` RnB-ից մինչեւ ֆոլկ, հիփ-հոփից մինչեւ ռոք եւ փոփ երաժշտություն: 

Ռիփսի Մեն


-Հետաքրքիր ու չկրկնվող ձայն ունեք: Ումի՞ց եք ժառանգել:

-Ես չգիտեմ… Երկու տատիկներս էլ երգում են, շատ գեղեցիկ ձայն ունեն, սակայն երգի ճանապարհը չեն ընտրել: Հայրս է ինձ վրա մեծ ազդեցություն թողել: Նա ապրում էր Նյու Օրլեանում եւ շատ փոքր տարիքից ինձ ներկայացնում էր ջազ երաժշտությունը: Նա ինձ սովորեցնում էր երգել Բինգ Քրոսբիի երգերը, իսկ Լուի Արմսթրոնգի ձայնն ամբողջ տնով էր հնչում: Ջազն իմ կյանքի վրա մեծ ազդեցություն է թողել եւ շարունակում է իմ ոգեշնչման աղբյուրը լինել: Նյու Օրլեանը նույնպես իմ կյանքում առանձնահատուկ դեր է խաղացել:

-Իսկ ինչպե՞ս երգն ու երաժշտությունը դարձան հիմնական զբաղմունք:

-Միշտ երգել եմ, իհարկե, ոչ միշտ՝ հանրության առջեւ: 14-20 տարեկանում դադարեցի երգել: Ամաչում էի իմ ձայնից, քանի որ իմ հասակակիցների ձայնի համեմատ այն մի փոքր ջազային էր: Երաժշտական ճաշակս էլ էր բոլորովին այլ: Երկար տարիներ ես միայն ինձ համար էի դաշնամուր նվագում ու երգում, իսկ երբ տեղափոխվեցի Լոս Անջելես, հանդիպեցի իմ ուսուցչին, ով ինձ համոզեց, որ պետք է երաժշտությունն իմ կարիերան դարձնեմ:

-Համացանցում Ձեր «Dare» եւ «Black Wine» երգերը մեծ հետաքրքրություն են վայելում: Ինչպե՞ս են ստեղծվել այդ երգերը: Առհասարակ, ե՞րբ եք կարողանում լավ ստեղծագործել:

-Ամեն օր փորձում եմ ստեղծագործել: Լավ է ստացվում հատկապես այն ժամանակ, երբ սիրտս կոտրված է կամ տխուր եմ, կամ էլ՝ ինչ-որ իրադարձությունից ու իրավիճակից ոգեշնչված: «Dare» երգը վերջերս եմ թողարկել: Այն ստեղծվեց ինը ժամվա ընթացքում մի բենդի հետ, որի հետ ծանոթացել է նախօրեին: Երբեմն մարդն իսկապես կարող է ոգեշնչվել իրեն շրջապատող մարդկանցից, եւ այս դեպքը հենց այդպիսին էր:

-Նկատել եմ, որ Փարաջանովից էլ եք ոգեշնչվել: Ուրիշ ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:

-Ես սիրում եմ Փարաջանովին, որովհետեւ նա ալիքին դեմ էր գնում: Նա իսկապես պայքարում էր այն ամենի համար, ինչին հավատում էր, եւ դա են ապացուցում նրա ֆիլմերը: Փարաջանովն իր աշխատանքի համար ազատազրկվել է, եւ նրա ստեղծած ֆիլմերը պայքարել են ժամանակի փորձության դեմ: Նա ինձ շատ է ոգեշնչել հետեւել այն ամենին, ինչին ես հավատում եմ: Անկախ նրանից, թե որքան դժվար է այդ ճանապարհը, ես պետք է հետեւեմ դրան, եթե նույնիսկ մարդիկ դա չհասկանան: 
Ինձ շատ բան է ոգեշնչում՝ մարդկանցից մինչեւ բնակավայրեր, երաժշտությունից մինչեւ թանգարաններ ու գրքեր: Իմ սիրելի արտիստների մասին գրքերն ինձ վրա մեծ ազդեցություն են թողնում: Երբ գնում ես մի ճանապարհով, որը սովորական չէ, նշանակում է՝ ամենաանհեթեթ բաները կարող են քեզ հետ պատահել: Հետեւելով բոլոր այն մարդկանց, ովքեր հաղթահարել են այդ դժվարությունները, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Ինձ շատ են ոգեշնչում նաեւ իմ ծնողները: Նրանք երկուսն էլ իրենց տեսակով պայքարող են եւ սովորեցրել են ինձ, որ պետք է տքնաջան աշխատել: Ծնողներս տարված են արվեստով, հայրս հիանալի գրում է, իսկ մայրս` նկարում: 

-Հե՞շտ է եղել Ձեր երաժշտական ուղին: 

-Շատ դժվարությունների եմ հանդիպել այս տարիների ընթացքում: Այս ճանապարհը լի է վերելքներով ու վայրէջքներով, եւ հավասարակշռություն պահպանելը շատ կարեւոր է: Ինձ այնպիսի մարդիկ են շրջապատել, ովքեր ասում էին, թե հաջողություններ չեմ ունենա, որ այս ամենն ուղղակի դատարկ խոստում է: Շատ մարդկանց հետ եմ աշխատել, ովքեր այդպես էլ իմ երգերը չեն թողարկել: Հատկապես Լոս Անջելեսում երաժշտությունը կարող է դատարկ բիզնես լինել, բայց ես սովորել եմ գլուխս կախ աշխատել ու հավատարիմ մնալ իմ տեսլականին նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները չեն հասկացել ինձ ու շարունակել են հարցնել` «համոզվա՞ծ ես, որ ցանկանում ես շարունակել այս ճանապարհը»: Անհաջողություններն ու կասկածները գալիս են մի ամբողջ փաթեթով, բայց այդ ամենն ինձ ավելի ուժեղ է դարձրել: Ես իմ կողքին շատ լավ մարդիկ էլ եմ ունեցել, ովքեր քաջալերել են ինձ: Առանց նրանց իմ ձեռքբերումներն անհնարին կլինեին: 

Ռիփսի Մեն


-Ապագայի համար ի՞նչ պլաններ կան:

-Հիմա ես Լոնդոնում եմ, աշխատում եմ իմ մինի-ձայնասկավառակի վրա, որը գարնանը կթողարկվի: Իմ երազանքներից մեկն է շրջել ամբողջ աշխարհով եւ երաժշտության մեջ լինել: Ես սիրում եմ բացահայտել տարբեր մշակույթներ եւ համատեղել երկու սիրելի զբաղմունքներս՝ երաժշտությունն ու ճանապարհորդությունը: 

-Հայաստան հաճա՞խ եք գալիս: Կապվա՞ծ եք Ձեր արմատներին:

-Ես կապված եմ իմ արմատներին: Յոթ տարեկանից սկսած՝ ամեն տարի ամռանը Հայաստան եմ գալիս: Մեկ շաբաթ Երեւանում, մեկ շաբաթ էլ Արցախում եմ անցկացնում: Հատկապես Ստեփանակերտը շատ եմ սիրում. այն իմ ամենասիրելի վայրերից է: Այս ամառ էլ էի Հայաստան եկել: Մեկ ամիս Երեւանում էի, եւ բարեկամներս Արցախից եկել էին ինձ տեսության: Հորեղբայրս պատմում էր ապրիլյան պատերազմի մասին, թե ինչպես էին բոլորը միավորված պայքարում: Ինձ համար շատ դժվար շրջան էր այդ ժամանակ: Ես ինձ կապված էի զգում բոլոր այդ իրադարձություններին, քանի որ երկու հորեղբայրներս էլ կռվում էի այդ օրերին, իսկ մայրս պատերազմի տարիներին այնտեղ է մեծացել: Շատ կարեւոր է, որ բոլորն իմանան այդ հիասքանչ ու թանկարժեք վայրի մասին: Պետք է խոսել դրա մասին, քանի որ տեղեկություններ տարածելն ու տեղեկացված լինելը փոփոխություններ բերելու առաջին լուրջ քայլն է:

Loading Player ...
Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: