Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է

Երեկ` հունվարի 22-ին, դերասանուհի Անուշկա Մարգարյանը նշում էր ծննդյան 28-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է ծննդյան անակնկալների եւ ամենամեծ ցանկության մասին:
 
«Սովորաբար ծննդյանս օրը մեկնարկում է կեսգիշերից, բայց այս անգամ կեսգիշերյան շնորհավորանքներն ավելի պակաս էին, քանի որ հարսանիքի էի հրավիրված ու ընկերներս էլ գիտեին այդ մասին: Սակայն տուն վերադառնալուն պես մայրս հոգ էր տարել իմ ուրախության համար` տորթ, շամպայն ու ծննդյան գեղեցիկ շնորհավորանք, ինչից շատ ուրախացա: Դե իսկ երեկ ողջ օրը չդադարեցին հեռախոսազանգերն ու շնորհավորանքները, շատ հաճելի անակնկալներ ունեցա, ընկերներիցս մեկն անգամ ռադիոյով էր ինձ շնորհավորել, ինչը եւս շատ ուրախալի էր ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հիշեցին ու շնորհավորեցին ինձ: Երեկ մեծ խնջույք չի եղել, աղջկական հավաքույթ էի կազմակերպել, որի ընթացքում պարզապես ուրախացանք ու վայելեցինք օրը: Ի դեպ` ընկերներս իմ ձեռքբերումների շարքում են, առանց նրանց հաստատ չէի կարողանա ինձ լիարժեք զգալ»,- մեզ հետ զրույցում պատմեց 28-ամյա դերասանուհին:
Հարցին, թե ինչ է ի՞նքն իրեն մաղթում, Անուշկան ժպիտով նշեց.
 
«Իհարկե, տոնական տորթի մոմերը փչելիս մտապահեցի երազանք, որի մասին չեմ բարձրաձայնի, քանի որ հավատում եմ, որ երազանքներիդ մասին պետք է պատմես միայն Արարչին ու նա էլ որոշի, թե որը կատարի: Ինչ վերաբերում է ցանկություններիս, ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ: Ինձ մոտ ամեն բան մեծ դժվարությամբ է իրականանում, անգամ մանր բաների հասնելու համար մեծ էներգիա պետք է  ծախսեմ: Չեմ ասի, թե շատ անհաջողակ եմ, բայց հաստատ հաջողակ մարդ էլ չեմ: Դրա համար ինքս ինձ շատ կոնկրետ մաղթանք ունեմ»:
Դերասանուհին իր ամենամեծ ձեռքբերումը մարդկային աճն է համարում, բայց չի բավարարվում այնքանով, ինչ ունի.
 
«Տարիներ առաջ ես Կապանում թողեցի ամեն ինչ ու եկա Երեւան, քանի որ շատ էի ուզում բարձրագույն կրթություն ստանալ: Իհարկե, դեռ այն ժամանակվանից ցանկություն ունեի դերասանուհի դառնալու, բայց ծնողներս թույլ չտվեցին ընդունվել Թատերական ինստիտուտ: Տարիների ընթացքում շատ պատահական հայտնվեցի այս ոլորտում ու հասկացա, որ մարդ ամեն ինչի կարող է հասնել, միայն թե շատ ցանկանա: Հիմա ինքս ինձնով ուրախ եմ, որ հասել եմ այս կետին, ձեռքբերում եմ համարում, որ հոգեպես մեծ աճ եմ գրանցել, միաժամանակ հասկանում եմ նաեւ, որ այս ամենը դեռ շատ քիչ է ու ես առաջ պետք է շարժվեմ: Այնպես որ ինքս ինձ բարեմաղթանքներ հղելիս նաեւ այս առումով եմ հաջողություն մաղթում»,- հավելեց դերասանուհին:
 
Անուշկան վերջին շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում` մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկին: Դերասանուհին բացասական կերպարով է հանդես գալիս, բայց իր խոսքով, միայն դրական արձագանքներ է լսել.
«Ինձ համար շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս ընթացքում մարմնավորելով խելառ ու բացասական աղջկա, միայն դրական խոսքեր եմ լսել: Շատ է պատահել անգամ, երբ փողոցում կանգնեցրել են ինձ ու լավ խոսքեր ասել: Չգիտեմ, թե դա ինչի հետ կապեմ, բայց հաճելի է»,- նշեց նա:
 
Վերջին ամիսներին հաճախ քննարկվեց նաեւ դերասանուհու անձնական կյանքը: Երկար ժամանակ Անուշկան ու շախմատիստ Ավետիք Գրիգորյանը չէին թաքցնում իրենց սերը, սակայն ամիսներ առաջ քննարկվեց նրանց բաժանության լուրը, որին զույգերից եւ ոչ մեկը մեկնաբանություն չտվեց: Այս թեմայի շուրջ խոսելիս` Անուշկան կրկին հերքմամբ կամ հաստատմաբ հանդես չեկավ, միայն նշեց.
«Ես դեռ պատրաստ չեմ այդ թեմայի մասին խոսել, երբ զգամ որ պատրաստ եմ, կխոսեմ»:
Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments