Դիանա Մալենկոյի էմոցիոնալ շոկն ու Արծրունի դեբյուտը՝ «Կյանք ու կռիվ 2»-ում

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է։ Կինոնկարի երկրորդ մասում Դիանա Մալենկոն եւ թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը մարմնավորում են սիրահար զույգի։ Արծրունը հատուկ ջոկատային Նարեկի կերպարում է, որը սիրահարվում է Լոս Անջելեսից Երեւան եկած մանուշակագույն վարսերով ու փիրսինգներով Լիզին՝ առաջին մասի 4 ընկերներից Էդուարդի դստերը։ Առաջին արձագանքներից դատելով՝ նրանց խաղն ու համարձակ կերպարները տպավորել են դիտողներին։

Դիանա Մալենկոն


Դիանան, տեղեկանալով, որ մարմնավորելու է Լիզին, անչափ ուրախացել է: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ այս կերպարն իրեն որպես դերասանուհի աճելու, ավելին անելու հնարավորություն է տվել: Նա հատուկ այս դերի համար գունափոխել էր մազերը.«Շատ կցանկանամ, որ այսօրվա երիտասարդները մի փոքր վարակվեն Լիզի համարձակությունից։ Նրա տեսակն իրոք պակասում է. հնարավոր է՝ կողքից ասում են՝ մեր երիտասարդներն անկեղծ են, չեն վախենում, բայց՝ չէ, նրանց մեջ գժություն չկա։ Իմ մեջ մի քիչ կա Լիզի խենթությունը, ամենասուր տեղերում ճիշտն ասելը, բայց ես նախանձում եմ իմ կերպարին, որովհետեւ այդքան համարձակ չեմ։ Իմ կերպարից լիարժեք հաճույք ստացա նկարահանումների ավարտին, երբ նա աճեց, մեծացավ ու փոխվեց»։ 

Մալենկոյի համար բացահայտում էր իր խաղընկերը՝ Արծրունը.«Նրան վաղուց ճանաչել եմ, բայց այս ֆիլմում տեսա տաղանդը։ Հիմա վստահ ասում եմ, որ անչափ ուրախ եմ, որ իմ խաղընկերն էր։ Ճիշտ է՝ Արծրունը թատրոնում հանդես է գալիս, բայց հանդիսատեսը նրան գուցե չի ճանաչում, իսկ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ կհասկանան, որ նա մոտ ապագայում դեռ կփայլի»։

Արծրուն եւ Բաբկեն Չոբանյանները


Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շրջանավարտ Արծրունը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասաններից է, «Կյանք ու կռիվ 2»-ը նրա համար դեբյուտային է.«Իմ խաղին առաջին հերթին ինքս եմ գնահատական տալիս. իհարկե, կարող էի ավելի լավ խաղալ։ Իմ մարմնավորած հերոսը՝ Նարեկը, նախատիպ ունի, նրան ճանաչում եմ ու շփում ունեմ։ Կերպարներն իրական մարդիկ են, եւ նրանց անունները ֆիլմում անմահ դարձան»։ 

Դերասանը ծառայել է Կապանում, կարծում է՝ լավ գիտի զինծառայողի հոգեբանությունը.«Միայն հատուկ  ջոկատայինի գործին այդքան ծանոթ չէի, եւ նրանք մեր կողքին էին՝ իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով: Սովորում, փորձում էինք ու հետո նկարվում։ Կերպարս այնպիսին էր, որ տարբեր իրավիճակներում՝ Երեւանում ու մարտի դաշտում, ինքնադրսեւորվելու հնարավորություն ունեի»։ 
Դիանա Մալենկոն՝ Լիզի կերպարում


Լիզի կերպարային տեսքը սիրելի տղան՝ Նարեկը, բնորոշում է որպես «ախմախ հաղորդավարուհու» արտաքին:): Այն ֆիլմի ավարտին փոխվում է.«Ներքին հումոր է, որը Մհերը միշտ անում է, նաեւ կան մեր առօրյա կյանքից այլ հումորներ, որոնք եւս հնչում են ֆիլմում։ Միեւնույն է՝ ինձ հոգեհարազատ է մանուշակագույն մազերով Լիզը՝ իր դիպուկ խոսքով ու խենթ բնավորությամբ, բայց ներքուստ նա գիտակցում է, որ սխալվում էր, երբ բոլորին ասում էր՝ «դուք գեղ եք», եւ Աննայի պատասխանը դիպուկ է՝ «Սահմանին սելֆի անողնե՞րն են գեղ, թե՞ էս տղերքը»»,-ասել է Դիանան:

Դերասանուհի-հաղորդավարուհին շատ է գնահատում իր խաղընկերներին, հատկապես՝ Բաբկեն Չոբանյանին, որի հետ խաղացել է Դրամատիկական թատրոնում.«Կրկին նույն էմոցիոնալ շոկն ապրեցի, որովհետեւ նա ֆանտաստիկ տաղանդավոր դերասան է։ Երբ նրա հետ ես աշխատում, դու էլ ակամա խաղում ես. անհնար է, որ նրա աուրան քեզ չփոխանցվի։ Նարինկային էլ միշտ սիրել եմ որպես բեմադրիչ ու դերասանուհի։ Իսկ Անի Ղազարյանը լրիվ այլ էր ֆիլմը սկսելու ժամանակ եւ ավարտին. նրա հայացքի խորությունն այնպես էր փոխվել, որ կադրից դուրս սուրճ խմելիս չէի հավատում, որ ինքն է»։ 

Արծրունն էլ տեղեկացրել է, որ Նարինե Գրիգորյանն իր դասախոսն է եղել, թատրոնում ներգրավված է վերջինիս բեմադրած «Ես միայն զանգահարելու եմ եկել», «Հովնան» ներկայացումներում, այժմ էլ «Մհեր Մկրտչյան» թատրոնում պատրաստվում է պրեմիերայի։

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...