Դերասանը շատ է շոյվում, երբ ներկայացման վերջում հանդիսատեսը ծափահարում է. Նարեկ Հայկազյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանը պատմել է էկրանային լռության պատճառների ու այժմյան գործունեության մասին:

Նարեկ, ի՞նչն է պատճառը, որ հեռուստանախագծերից եւ ոչ մեկում Ձեզ այժմ չենք տեսնում, այն դեպքում, երբ նախկինում այդ առումով ամենաակտիվների շարքում էիք:

- Այս շրջանում միայն թատրոնով ու իմ դասախոսական աշխատանքով եմ զբաղված: Ինչ վերաբերվում է հեռուստանախագծերին, անկեղծ լինեմ՝ առաջվա նման առաջարկները շատ չեն, ինչ էլ կան, պայմանները չեն գոհացնում:

Առաջարկ ստանալիս ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձնում:

- Որեւէ նախագծում մասնակցություն ունենալիս, շատ եմ կարեւորում, որ դերասանական կազմում ընդգրկված լինեն միայն դերասաններ, կամ գոնե գերիշխող մասը լինեն դերասաններ: Ոչ պակաս հետաքրքիր է նաեւ ռեժիսորը, ստեղծագործական ընդհանուր թիմը ու ինչ ոչ՝ ֆինանսական կողմը:

Նարեկ, ֆինանսական տեսանկյունով դերասանը մեր երկրում գնահատվա՞ծ է:

-         Չեմ կարծում, որ դերասանի գնահատված կամ չգնահատված լինելով է ֆինանսավորում կատարվում: Պարզապես բյուջեներն են փոքր լինում, կամ գուցե այլ պատճառ կա: Ամեն դեպքում՝ ինքս չեմ խորացել պատճառների մեջ, բայց ինչ-որ բան կա, որ դերասանին չեն տալիս այնքան գումար, ինչքան կար օրինակ մի քանի տարի առաջ: Շատ ցավալի է նաեւ այն, որ լինում են դեպքեր, երբ չդերասանները ավելի բարձր են վարձրատրվում դերասաններից: Ես ավելի շատ նեղվում եմ այն ժամանակ, երբ կողքիդ քեզ հետ նկարահանվում է մեկն, ով այդ գործին չի վերաբերվում որպես իր աշխատանքի: Նա եկել է զվարճանալու կամ հայտնի դառնալու, իսկ ես գնում եմ աշխատանքի ու փորձում եմ իմ գործն անել բարեխիղճ ու պրոֆեսիոնալ: Իսկ երբ տեսնում ես, որ քո լուրջ տրամադրվածությանը զուգահեռ դիմացինդ չգիտես ինչով է զբաղված, ինքդ քեզ ասում ես ՝ էլ ո՞ւր եմ գալիս:

«Հայացք» ստուդիայում որպես դասախոս եք ներկայանում: Սա ոչ պակաս կարեւոր ու պատասխանատու աշխատանք է: Ինչպե՞ս է կայանում դասախոս-ուսանող հարաբերությունները:

-         Մեր ուսանողները փոքր են՝ 6-20 տարեկան են, բայց գիտեն, որ մեր մասնագիտության կարեւոր գործոնը հայտնիությունը չէ, դրա մասին առհասարակ չպետք է մտածել, քանի որ տաղանդավոր դերասանները, միեւնույն է, հայտնի կդառնան: Կարճ ժամանակում հայտնի դարձած դերասանները, կարճ ժամանկում էլ մոռացվում են: Իմ աշակերտներին ես տանում եմ դեպի թատրոն, ուզում եմ, որ նրանք ճանաչեն թատրոնը, դերասաններին էլ ճանաչեն թատրոնով ու բեմով: Այս դեպքում երեխեքի մեջ լրիվ ուշ գեղագիտական հայացքներ են սերմանվում ու ճաշակ է ձեւավորվում: Նրանք դեռ փոքր տարիքից հասկանում են, թե որն է պրոֆեսիոնալը, որը՝ ոչ: Դերասանը թատրոնից պետք է սկսի իր քայլերը, բեմը խաղալու համար երկրորդ հնարավորություն չի տալիս ու այդպիսով ստեղծում է պրոֆեսիոնալ դերասաններ:

Իսկ թատրոնում այժմ ինչո՞վ եք զբաղված:

-         Ինչպես արդեն շատերը գիտեն՝ վերջերս բեմադրվեց «Պեպո» ներկայացումը, որը կրկին կխաղանք փետրվարի 25-ին: Արդեն իսկ սկսվում են մեր ընթացիկ ներկայացումները, գրեթե ամեն օր փորձերի ենք: Առջեւում կլինեն նաեւ նոր ներկայացումներ: Թատրոնը բուռն ընթացքի մեջ է, ես էլ՝ այդ թվում:

Նարեկ,  2015թ-ին արժանացաք ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույներիտասարդ դերասան»: Հետաքրքիր է՝ կոչումը դերասաին ի՞նչ է տալիս:

-         Հավատացեք, որպես դերասան իմ պարտավորվածությունները միշտ նույն՝ բարձր սանդղակի վրա են մնացել: Այնպես չէ, որ կոչում եմ ստացել պիտի շատ աշխատեմ, եթե չստանայի, քիչ կաշխատեի: Ես միշտ մտածել եմ, որ պետք է աշխատեմ պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ճիշտ: Մրցանկաները, կոչումները դերասանին շոյում են, գնահատված լինելու զգացում են տալիս, բայց դրանք պրոֆեսիոնալ դերասանի գործունեության մեջ ոչինչ չեն փոխում: Եթե թերի աշխատեմ, ինքս ինձ կվնասեմ: Նաեւ կարծում եմ, որ մրցանակներ, կոչումներ չունեցող դերասանը չի նշանակում, որ վատ է աշխատել, իսկ ընդհանուր առմամբ կցանկանամ բոլոր դերասաններն էլ արժանանան մրցանակների ու կոչումների, դրանք ասես ծափերի նման լինեն, իսկ դերասանը շատ է շոյվում, երբ ներկայացման վերջում հանդիսատեսը ծափահարում է:
 

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...